Պատերազմի պատասխանն Արցախում կյանքն է: Նորածին Կառլենին կոչել են 90-ականներին հանուն հայրենիքի զոհված պապի անունով:
Էլլադա Առաքելյան (Արցախի բնակիչ) - Շատ ուրախ ենք, որ մեր էրեխեն ծնվել ա: Իրա հերն էլ կռվում վիրավորվել ա:
Արցախն Արցախում ռազմական բժիշկ է: Թշնամու թիրախում հայտնվել է վիրավորների կյանքը փրկելիս: Արցախում պատերազմից հետո ծնվել է մոտ երեք հարյուր երեխա:
Անուշ Առստամյան (բուժքույր) - Փառք Աստծո, էլի ծնունդներ կան:
Շինտեխնիկան պատրաստ է՝ վերականգնելու Ստեփանակերտի նոր ծննդատան շենքը: Մնում էր կահավորել, երբ պատերազմը սկսվեց, ու հրետակոծվեց նորակառույցը:
Մհեր Մուսայելյան (ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն) - Լրիվությամբ աշխատանքներն ավարտված էր, սարքավորումների հարցը պետք է որոշվեր և հունվարի 1-ից պետք է գործեր:
Ուժգին հարվածից վնասվեց նաև հանրապետական բուժկենտրոնը: Եղանակը տաքանա, անմիջապես կսկսվեն վերակառուցման աշխատանքները:
Մայա Խաչատրյան (լրագրող) - Պատերազմից չորս ամիս անց Արցախը վերադառնում է կյանքի բնականոն ռիթմին: Մայրաքաղաք Ստեփանակերտը բուժում է հակառակորդի զենքերից ստացած վերքերը: Քաղաքն այժմ ավելի շատ բնակիչ ունի: Տեղահանված արցախցիներից շատերը հիմա ապրում են Ստեփանակերտում:
Քաղաքապետ Սարգսյանի խոսքով՝ մոտ 5 տոկոսն է, որ դեռ չի վերադարձել: Պատերազմից առաջ ու հիմա էլ Ստեփանակերտը փայլում է մաքրությունից: Առաջնահերթ վերակառուցվում են հրետակոծված բազմաբնակարան շենքերն ու կրթական հաստատությունները:
Դավիթ Սարգսյան (Ստեփանակերտի քաղաքապետ) - Էս փողոցն էլ ա վնասվել, բազմաբնակարան շենքերը, մարդ ա վիրավորվել, բայց նորոգել ենք, մարդիկ եկել, ապրում են:
Ամենաշատ վնասը կրել է 10-րդ դպրոցը. վերականգնումը կպահանջի մեծ գումար: Ստեփանակերտում 37 բնակելի հողին է հավասարեցվել, վնասվել 5 բազմաբնակարան շենք:
Դավիթ Սարգսյան - Մի քիչ ժամանակ ա պետք, որ ժողովրդի ժպիտը վերականգնվի: Տենց ընտանիք չկա, որ հարազատ կորցրած չլինի, մի քիչ դժվար է: Այսօրվա դրությամբ աշխատում ենք, որ թազա կյանքը լինի այնպես, ինչպես եղել է մինչև ամսի 27-ը:
Արցախում շինաշխատանքներն իրականացվում են պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Հիմնական խնդիրը, ըստ Սարգսյանի, քաղաքացիների վերաբնակեցումն է: Այդ նպատակով մի քանի ծրագիր է մեկնարկել:
Սիմոն Միրզոյան (Արցախի բնակիչ) - Ամբողջությամբ վնասված ա եղել: Վերանորոգում ենք, շուտով կբացենք: Կմնանք, մեր հայրենիքն ա, ամեն ինչ կանենք:
Հակառակորդը մի գնդակով մի քանի խանութ է քանդել: Հիմա բաց են գրեթե բոլոր առևտրի կետերը:
Ինեսա Գրիգորյան - Առաջին օրվանից մարդիկ մտնում են, շարժը շատացել ա, գնալով շատանում ա: Մարդիկ ուզում են, որ նոր տեսականի ստանանք: Հենց այստեղ ա ընկել, վնաս ա կրել ահագին:
Ինեսան Վազգենաշենից է: Չի մոռանում գյուղը լքելու համար հնչած ազդանշանի ձայնը: Անմիջապես դուրս են եկել՝ չհասցնելով շատ բան վերցնել:
Ինեսա Գրիգորյան - Եկել ենք ստեղ, արդեն ապրում ենք, թեկուզ վարձով, արդեն աշխատում ենք: Երևի, չէ, ստեղից լավ տեղ չկա:
Երգը դժվարությամբ, բայց վերադառնում է Արցախ: Երաժշտական քոլեջը վերսկսել է դասերը՝ ընդամենը մի քանի բացակա ունեն: Սիմոն Սարգսյանը դասավանդում է Սայաթ-Նովայի անվան քոլեջում, միաժամանակ, ղեկավարում Արցախի պետական կամերային նվագախումբը:
Սիմոն Սարգսյան (Արցախի պետական կամերային նվագախմբի տնօրեն, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ) - Պատերազմից հետո մարդկանց հոգեկան աշխարհը խառնված է, սթրեսի մեջ են, շոկի մեջ, հոգևոր սնունդը դեղով չի ապաքինվում, այլ մշակույթով:
Արցախում նշել են նաև Բաբաջանյանի հոբելյանը: Կամերային նվագախումբը ելույթ է ունեցել զոհվածների հիշատակին:
Լիլիթ Ավանեսյան (երգչուհի) - Կռիվ ենք տեսել, բայց պետք է պայքարենք: Արցախը թույլ մարդկանց չի սիրում:
Արցախին նվիրված երգերը կատարելիս հուզմունքն ավելացել է: Դրանցից մեկը հնչում է Արցախյան շարժման տարեդարձին: