Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը՝ գերակա ուղղություն: երկու շաբաթ է մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող մոտ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել և տարածքից հեռացվել է 3 տասնյակ քանդման ենթակա կառույց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարությունում ծանոթացել է գերատեսչության կատարած աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Այս տարի արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը: Վարչապետը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևոր է համարել առկա և կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին հետևելն է: Ամփոփելով սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը՝ վարչապետին ներկայացրել են արդյունքները՝ արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020 թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 1-ը՝ որսի արգելքի մեկնարկը, մոտ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել է մոտ 205 տ սիգ: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում: Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ: Վարչապետի խոսքով՝ կարևոր է լուրջ մարտահրավերներին ճիշտ դիմակայելը:
Նիկոլ Փաշինյան - Բայց, մյուս կողմից՝ չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչև հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն, և չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը և ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել է բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել:
Անտառների պահպանման, վերականգնման հարցում վարչապետին տեղեկացրել են՝ 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառի» միջոցներով: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների շնորհիվ մարտի 1-ից նախատեսվում է ՊՈԱԿ-ի 970 աշխատակցի աշխատավարձի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ: 2020-ին վերականգնվել է 123 հա անտառ, այս տարի նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը:
Նիկոլ Փաշինյան - Կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման վրա: Այս բարդ խնդիրների ամենօրյա իրագործմամբ դուք եք զբաղվում, հարգելի՛ գործընկերներ:
Քննարկվել է նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ: