Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Նվեր Մնացականյանի հաղորդմանը: Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ:
- Պատերազմի ավարտից անցել է երեք ամսից ավելի ժամանակ: Մենք կարո՞ղ ենք արդեն ֆիքսել՝ մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:
- Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:
- Խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է:
- Անվտանգային համակարգ ասելով, պետք է պարզաբանենք՝ ինչ նկատի ունենք: Դուք ի՞նչ նկատի ունեք:
- Ես նկատի ունեմ մեր սահմանների պաշտպանությունը, մեր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:
- Մենք ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են: Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է:
- Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք:
- Ի՞նչ իմաստով:
- Սահմանի, բնակավայրերի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի:
- Կարծում եմ, որ ո՛չ, մենք չունենք անլուծելի խնդիր: Սա չի նշանակում, որ չունենք խնդիրներ: Բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է: Պարզ է, որ միջավայրը փոխվել է, և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ: Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում: Եվ ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է՝ այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Եվ դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք:
- Սյունիքի կապակցությամբ անհանգստության հետ կապ ո՞ւնի ապաշրջափակման գործընթացը:
- Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջավայրի փոփոխություն անխուսափելիորեն բերում է որոշակի մտահոգությունների և անհանգստությունների: Ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացման թեմային, կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ, որոնք պետք է կառավարվեն: Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց դարձյալ ռազմավարական ընտրության հարց է: Եվ կարծում եմ, որ կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ, տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար: Եվ մենք այս օրակարգը պիտի ձևակերպենք, պիտի հասկանանք միջավայրային այս փոփոխություններից այն սպառնալիքները, որոնք կարող են բխել, մարտահրավերները, և ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք դրանք:
- Քանի որ ապաշրջափակումից խոսեցինք, ո՞վ է ամենաշահագրգիռ կողմն այս գործում:
- Կարծում եմ՝ եթե հետևենք ինչ է կատարվում տարածաշրջանում, կտեսնենք, որ բոլորն են շահագրգիռ, առանց բացառության՝ բոլորը: Ռուսաստանն է շահագրգիռ, Վրաստանն է շահագրգիռ, Իրանի Իսլամական Հանրապետությունն է շահագրգիռ, Ադրբեջանն է շահագրգիռ, Թուրքիան է շահագրգիռ, Հայաստանի Հանրապետությունն է շահագրգիռ: Այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունը կամ ունի ընդհանրություններ ուրիշների շահագրգռությունների հետ և տարբերություններ ուրիշների շահագրգռությունների հետ:
- Այսինքն՝ ֆիքսենք մեր մասնաբաժինն այստեղ:
- Եվ այստեղ է, որ պետք է հետևողական քննարկումների արդյունքում կարողանանք հանգել պատկերացումների տարբերությունների մեղմացման և ընդհանրությունների ընդգծման: Տեսեք, հունվարի 11-ի հայտարարությունից հետո էականորեն ակտիվացել են աբխազական երկաթուղու վերաբացման մասին քննարկումները, ինչը շատ դրական է, ակտիվացել են Պարսից ծոցը Սև ծովին կապելու երկաթուղային գծի շուրջ քննարկումները, և այս շահագրգռությունները, իհարկե, առավել հետաքրքիր են դարձնում թեման: Կրկին եմ ասում, ինչն ամենևին չի նշանակում, որ այդտեղ չկան մարտահրավերներ: Բայց միևնույն ժամանակ արձանագրենք, որ չի նշանակում, թե այնտեղ չկան շատ կարևոր հնարավորություններ, որոնց նկատմամբ ճիշտ դիրքավորվելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
- Գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ:
- Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:
- Բոլորը բոլորի դիմաց:
- Այո, ընդ որում էլի եմ ուզում կրկնել, որովհետև նույն Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝ նրանք ռազմագերի են, նրանք ռազմագերի չեն: Այս մեկնաբանությունները տեղին չեն, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների մասին է, այլև գերիների, պատանդների, այլ պահվող անձանց:
- Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարն ընտրել այդ արտահայտությունը:
- Ուզում եմ ընդգծել, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավարությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին:
- Մենք պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում ենք անթերի: Մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով:
- Նախ, կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի:
- Այսինքն՝ իրական հնարավորությունը կա:
- Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել:
- Այսինքն, այնուամենայնիվ, կա մի ժամանակափուլ, որից այն կողմ այս խնդիրը ձգել հնարավոր չէ:
- Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել, մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն:
- Հայաստանի ներսի մասին: Կա՞ ներքաղաքական ճգնաժամ, Ձեր դիտարկմամբ:
- Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան:
Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:
- Այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է:
- Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:
- Այս մթնոլորտի լիցքաթափման այլ գործիք տեսնո՞ւմ եք Դուք:
- Գիտեք, այս մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը «Ճանապարհային քարտեզ»-ի արդյունավետ իրագործումն է: Եվ կարող եմ արձանագրել, որ նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ը բավականին հաջողությամբ իրականացվում է: Այս պահի դրությամբ շուրջ 17 ծրագիր ենք իրականացրել, ընդ որում շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք Արցախում շուրջ 23 մլրդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտների, հիմնականում՝ սոցիալական և Արցախի պետական կառույցների աջակցության: Եվ ընդհանուր փաթեթը, որն ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 մլրդ դրամի: Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում՝ Սյունիքի մարզում: Շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիրը: Կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու ծրագիրը, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը: Այն ծրագիրը, որով մենք պատերազմին մասնակցած մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքների անդամների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում: Հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոթեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում:
Եվ շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որը վճռականորեն իրականացնում ենք: Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունենում՝ տնտեսությունն արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին: Փետրվարի առաջին քսան օրերի տվյալներով երկրում առևտրաշրջանառությունը շուրջ 44 մլրդ դրամով գերազանցել է 2020թ. փետրվարի առաջին քսան օրվա ցուցանիշը: Դա 13 տոկոսով ավելի է: Խնդրում եմ հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին դեռ կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել: Եվ նախորդ տարվա փետրվարին իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրվել 2019թ. փետրվարի նկատմամբ, որը, այսպես ասած, շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր:
Իսկ քաղաքական իրադրության հետ կապված կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր «Ճանապարհային քարտեզ»-ի անբաժանելի մասն է: Եվ մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ, կոնսուլտացիաներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող, բայց այդ ճանապարհը, իհարկե, պետք է շարունակենք:
- Մի քիչ տարօրինակ չէ՞, որ ձեր նշած քաղաքական ռադիկալությունը դրսևորվում է հատկապես այն ուժերի կողմից, որոնց ժամանակին մերժել է հեղափոխությունը: Ավելի կոնկրետ ասեմ՝ կարծես թե տպավորություն է արդեն վերջնական, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն նախկին նախագահները՝ երկրորդը և երրորդը:
- Ես մի փաստի վրա կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել. կառավարության նկատմամբ Ձեր նշած շրջանակների վերաբերմունքը, ովքեր այսօր շատ ակտիվ են, պատերազմից առաջ և հետո չի փոխվել: Այսինքն՝ եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ վերաբերմունքն արձանագրվել է 2018թ., 2019թ., 2020թ., պատերազմից առաջ: Ի վերջո, կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին: