«Մարտի 1»-ի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմել էր դատարան՝ հետաձգելու նիստը՝ տեղեկացնելով, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նույն ժամին՝ 13:00-ին, նշանակված է մեկ այլ դատական նիստ, որը, սակայն, հետաձգվել է՝ սկսվելուց անմիջապես հետո:
Դատարանը 20 րոպե ընդմիջում էր հայտարարել Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և ներկայանալու հնարավորությունները հասկանալու համար: Դատարանը պարզել էր, որ պաշտպան Ալեքսանյանի ներկայանալու համար որևէ խոչընդոտ առկա չէ:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, նշեց, որ պատասխանող կողմն օրենքով նախատեսված դատավարական հնարավորությունները օգտագործում է ոչ իրավաչափ նպատակով՝ ոչ իրավաչափ շահ հետապնդելով:
«Դրա վկայությունը նախորդ դատական նիստերում տեղի ունեցած մի քանի իրադարձություններն են, մենք այդ կապակցությամբ արդեն մի քանի միջնորդություն ունենք ներկայացրած: Պաշտպանության կողմը հետևողական խանգարում է նաև այդ միջնորդության քննարկմանը: Սա էլ այդ վարքագծի շարունակությունն էր: Ես վերահաստատում եմ, որ սա պաշտպանության կողմի համակարգված ու կազմակերպված վարքագիծն է:
Դատական նիստում քննարկումը տեղի ունեցավ հարցի շուրջ, թե ինչու է դատարանը նիստը ժամը 13.00-ի փոխարեն սկսել 13.20: Դատարանը պարզեց, որ կա չարամիտ վարքագիծ՝ մյուս դատական նիստը, որին պետք է մասնակցեր պաշտպան Ալեքսանյանը, տեղի չի ունեցել, և պաշտպանները սկսեցին դատարանին մեղադրել այդ հանգամանքը պարզելու մեջ»,- նշեց դատախազ Բաղդասարյանը: