Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, որոնք կայուն են. 1in.am-ին տված հարցազրույցում՝ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա՞, թե՞ ոչ հարցին ի պատասխան ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա ակնհայտ է։ Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու իր առաջարկին և դրա մերժմանն ընդդիմության կողմից՝ վարչապետը նշեց, որ եթե իրենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հաստատվել է Հայաստանում, բայց որոշ ուժերի մոտ ընկալումը լրիվ հակառակն է։
«Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է:
Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզի» բնականոն իրագործմանը: Եվ, ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզը» կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Ինչո՞ւ որոշում չկայացնել միակողմանի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ չիրականացնել հարցին ի պատասխան՝ Կառավարության ղեկավարը նշեց, որ եթե քաղաքական դաշտի, ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրությունների իմաստը կորում է։
«Մեր առաջարկն էր Սահմանադրությամբ նախատեսված ձևով դիմել ժողովրդին, բայց ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, նրանք տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ, և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով։ Եթե մենք տեսնենք, որ հնարավորություն կա ձևավորելու համաձայնություն՝ հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք այդտեղ երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»,- նշեց Փաշինյանը։
Մթնոլորտը պարպելու հաջորդ գործիքն էլ ընտրություններից բացի, ճանապարհային քարտեզի կետերի իրագործումն է։ Կառավարության ղեկավարը մանրամասնեց՝ այսօրվա դրությամբ շուրջ 17 ծրագիր է իրականացվել։
«Այսօրվա դրությամբ՝ Արցախում մենք շուրջ 23 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որոնք վերաբերել են աենատարբեր ոլորտների, հիմանկանում՝ սոցիալական և պեական աջակցությանը։ Եվ ընդհանուր փաթեթը, որը ընդունված է այս պահին և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 միլիարդ դրամի։ Նաև Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում, Սյունիքի մարզում, շատ կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքններին սոցիալական աջակցության ծրագիրը, շատ կարևոր եմ համարում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորներին աջակցելու, վիրավորներին աջակցելու ծրագիրը, պատերազմին մասնակցածխ մեր եղբայրներին ու քույրերին կամ նրանց ընտանիքի անդամների ուսաման վարձի փոխհատուցումը։
Մենք հիմա քննարկում ենք լայնածավալ հիփոքեթային ծրագիր ընդունելու հարցն Արցախում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Շատ կարևոր եմ համարում դատաիրավական բարեփոխումները, որոնք մենք վճռական իրականացնում ենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ տնտեսությունն արձագանքում է իրականացրած միջոցառումներին։
Իսկ քաղաքական իրադրության մասով վարչապետը նշեց, որ այլ ճանապարհ, քան երկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը ճանապարհային քարտեզի անբաժանելի մասն է։