Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Սյունիքի բնակվայրերի, սահմանի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի հետ կապված անլուծելի խնդիր ունենք, ընդգծեց՝ կարծում է, որ չունենք անլուծելի խնդիր։
«Սա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ, բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է։ Պարզ է, որ միջավայրը փոխվել է և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ, բայց ես համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն։ Մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում և, ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք»,- ասաց վարչապետը։
Վարչապետը, անդրադառնալով կոմունիկացիաների բացման թեմային, ասաց, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն, նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի, նաև Հայաստանի տնտեսական դիմագիծն ու պոտենցիալը։
«Ընդհանրապես, ամեն ինչն ունի մարտահրավերներ, բայց կրկին ռազմավարական ընտրության հարց է, և ես կարծում եմ, որ իսկապես կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ։ Տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պետք է ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք մարտահրավերները։