Մշեցի պապի երգն ականջում՝ ռեժիսոր Ալեքսանդր Աթանեսյանը մի օր որոշեց ֆիլմի լեզվով գրել ու պատմել իր պապի տխրության ու կորսված Մուշի մասին։ Ու որպեսզի այն այսօրվա աշխարհին հետաքրքիր լինի, սցենարի հիմքում դրեց Մշո Ճառընտիրի փրկության դրամատիկ պատմությունը։
12-րդ դարում գրված մատյանը ճառախոսության, քարոզի, գովերգի, ուղերձի նկարազարդ ժողովածու է։ 660 էջանոց հսկա ձեռագիրը՝ 70 սմ երկարությամբ և 55 սմ լայնությամբ, գրված է 27 կգ կշռող մագաղաթի վրա։ 13-րդ դարից այն յոթ դար խնամքով պահվել է Մշո Սուրբ Առաքելոց վանքում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին, թուրքերի հրից մատյանի փրկության պատմությունն է Ալեքսանդր Աթանեսյանը դրել սցենարի հիմքում։
Ալեքսանդր Աթանեսյան (ռեժիսոր) - Ամեն մի հայ ընտանիք մի բան էր փրկում Ցեղասպանության ժամանակ: Այս ֆիլմն էդ փրկելու խորհրդանիշն է՝ մշակույթը փրկելու խորհրդանիշը:
Մշո Ճառընտիրը փրկել են մշեցի երկու քույրեր։ Ալեքսանդր Աթանեսյանի ֆիլմի սցենարը հյուսվում է նրանցից մեկի թոռան՝ Հայկի աչքերով, որը տարեց տիկնանց հետ անցնում է արժեքավոր մատյանի ու իրենց իսկ կյանքի փրկության ճամփան։
Ալեքսանդր Աթանեսյան - Մենք շատ ենք կորցրել, բայց ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, ես հավատում եմ, որ հայ ազգը ապրում է և ավելի լավ կապրի, եթե չկորցնի մշակույթը և հավատը: Դա ամենագլխավորն է։
Արմեն Բայբուրդյան (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս) - Շատերը կարող են հարց տալ՝ ի՞նչ ժամանակն է, որ ցեղասպանության մասին ֆիլմ նկարվի՝ հետպատերազմյան շրջանում, երբ բոլորի ուշադրության կենտրոնում այլ հարցեր են։ Իմ պատասխանն է՝ այո՛, անհրաժեշտ է չափազանց, որովհետև ցեղասպանության հարցը նաև այս ֆիլմի միջոցով ամրացնում է ինքնությունը, մեր ժողովրդին միավորում, միասնականություն բերում։
Ֆիլմը նախատեսում են նկարահանել Հայաստանում, հետարտադրական մասը՝ ԱՄՆ-ում։ Կսկսեն ամռանը։ Մինչև այդ, աջակիցներ են փնտրում։
Արմեն Համբարձումյան (ֆիլմի պրոդյուսեր) - Մենք ֆիլմով փրկում ենք ոչ թե գիրքը, այլ մեր հավատը։ Այսօր համարում եմ, որ դա շատ կարևոր է: Մենք անկում ունենք, և պարտությունից հետո անկումը բնական բան է, բայց, ըստ մեզ, անկումը նրանով է լավ, որ դրանից հետո անպայման անխուսափելի գալիս են հաջողությունը և բարձրանալը դեպի վերև, և փրկությունը, բնականաբար։
Գարի Իտկին (ֆիլմի պրոդյուսեր) - Կարծում եմ՝ սա հրաշալի նախագիծ է՝ Հայոց ցեղասպանության իրազեկման և համաշխարհային ճանաչման իմաստով: Կրկին կասվի՝ այլևս երբեք։
Ֆիլմի հեղինակները որոշել են մեգաաստղերի չհրավիրել: Հետևելով ֆիլմարտադրության համաշխարհային թրենդին՝ ընտրել են ոչ շատ հայտնի դեմքերի։ Ծրագրում են գործն ավարտել երկու տարուց, ֆիլմը թարգմանել 5 լեզվով ու մասնակցել հայտնի կինոփառատոների: