Բայց հիմա մենք ունենք իրողություններ, և պետք է բարեփոխումներին նոր ընթացք ու նոր տեմպ տանք: Այս իրավիճակը, առաջին հերթին տնտեսական անկումը, որը, իհարկե, ոչ միայն պատերազմի հետևանք է, այլև կորոնավիրուսի ճգնաժամի։ Այս մասին Նվեր Մնացականյանի հետ զրույցում ասած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ 2018 թվականի մայիսին տեղի է ունեցել, այսինքն՝ հաղթել է հեղափոխությունը, և եղել է կառավարություն՝ առանց խորհրդարանական մեծամասնության, և խորհրդարանական համակարգն անընդհատ տորպեդահարել է կառավարությանը:
«Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը: Եվ եկեք տեսնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2019 թ.-ի ընթացքում՝ վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ:
2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը: Եկեք հիշենք, թե ամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս, մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիորսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ:
Համավարակ է, ի վերջո, չի կարելի ընթացքը կանխատեսել, բայց, կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը: Այո, մենք կորոնավիորսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ, հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել»,- ասաց վարչապետը: