ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Նվեր Մնացականյանի հարցին, թե, այնուամենայնիվ, հանրային տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում երևացող կամ անգամ չևերացող կապիտալի իշխանությունն ավելի զորեղ է, քան նրա քաղաքական իշխանությունը, վարչապետն ասաց․
«Փողը Հայաստանում միշտ եղել է իշխանության մաս: Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ, չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով: Եվ իրականության մեջ սա, գուցե, իսկապես շատ հարցեր է առաջացնում և ստեղծում:
Օրինակ, մենք ո՛չ ընդդիմություն եղած ժամանակ, ո՛չ էլ իշխանություն եղած ժամանակ փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել ոչ միայն այն պատճառով, որ փող չենք ունեցել և չունենք, այլ որովհետև դա դեմ է ընդհանրապես մեր արժեքային համակարգին: Մենք չենք պատկերացնում` ինչպե"ս կարելի է մարդկանց տանել հանրահավաքի՝ սպառնալով, որ եթե չգնա հանրահավաքի, նրան աշխատանքից կազատեն:
Բայց, իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն, որովհետև այսպիսի ավանդույթ էլ չի եղել Հայաստանում, որ, օրինակ, գործատուն կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ պարտադրաբար աշխատողին, գործավորին հանրահավաքի տանելու համար:
Դա դիտվել է սովորական և նորմալ բան, այդ թվում՝ իրավապահ համակարգի տեսակետից: Եվ այստեղ է, որ մեր իրավապահ մարմիններն այդ պրակտիկան չունեն, որ գործատուին քրեական պատասխանատվության ենթարկեն գործավորին հանրահավաք պարտադրելու համար: Բայց այդ պրակտիկան, իհարկե, պետք է ներդրվի»,- ասաց Փաշինյանը: