Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց, որի շղթայի առաջին օղակներն իրավապահների տեսադաշտում էին դեռ 2019 թվականից։
2019 թվականի դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Toyota Corola» մակնիշի իրենց մեքենայով հանդերձ, բաժին բերման էին ենթարկել 27 և 28 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկի անձնական խուզարկությամբ մոխրացված հետքերով երկու կաթուցիչ էր հայտնաբերվել, մյուսի մեքենայի խուզարկությամբ՝ բյուրեղանման զանգված։
Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ բյուրեղանման զանգվածը մեթամֆետամին է, որը բերման ենթարկվածներից մեկը մյուսին էր վաճառել։ Ավելի ուշ պարզվել էր նաև, որ իրացնողն էլ իր հերթին թմրանյութը գնել էր Երևանի Իոսիֆյան փողոցի 36-ամյա մի բնակչից։
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով 2021 թվականի փետրվարի 6-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լիրիկա դեղահաբ և մեթամֆետամին թմրամիջոց:
Քննության ընթացքում պարզվեց, որ 36-ամյա տղամարդուն թմրամիջոցներ իրացրած անձը Ագարակ քաղաքի բնակիչ է։ Իսկ ինքնությունը դեռ հարկավոր էր պարզել։
Բերման ենթարկվածները ձերբակալվեցին։ Փետրվարի 11-ին 44-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ևս 50 գրամ մեթամֆետամին հայտնաբերվեց: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ մի արտասահմանցի էր նրան թմրանյութը վաճառել։ Ավելին, ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ-իրանական սահմանի մոտակայքում օտարերկրացին օրերս, դարձյալ իրացնելու նպատակով, առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 500 գրամ մեթամֆետամին պետք է բերեր:
Փետրվարի 11-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում Մեղրիի մաքսակետից ոչ հեռու՝ մեկհարկանի շինության մոտից, հայտնաբերվեցին թիթեղյա տարայով 75 գրամ փոշենման և 380 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ագարակի բնակիչ, 44-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է: Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: