ՀՀ վարչապետի հետ հարցազրույցի ժամանակ Նվեր Մնացականյանը հիշեցրեց այն հնչող մեղադրանքը, թե ձախորդությունների հիմնական պատճառը Հայաստանում պոպուլիստական իշխանություն ունենալն է:
Վարչապետն ասաց, թե ի՞նչ է նկատի առնվում «պոպուլիստական իշխանություն» ասելով:
«Այսինքն՝ ի՞նչ է, Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նշանակում: Ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք, գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, մի կայացած ինստիտուտ է եղել, լիարժեք կայացած ընդամենը մեկ ինտիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան: Մենք եկել ենք հեղափոխությունից հետո, միակ կայացած ինտիտուտը՝ համակարգված կոռուպցիան, ոչնչացրել ենք Հայաստանում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ դա օբյեկտիվ մեղադրանք է, որ 2018 թվականին իշխանության գալով՝ ոչնչացրել են երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան:
«Սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել շատ բան: Ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որն ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած ինտիտուտը, ոչնչացված է: Ու պարզվել է, որ այլ ինստիտուտներն այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել: Որովհետև պետական կառավարման համակարգում, մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոնների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ: Եվ իրեն դրանից ավելի ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի»,- ասաց Փաշինյանը: