Արցախյան վերջին պատերազմից մինչև այսօր 1111 զինծառայողի ընտանիք մոտ 12 մլրդ դրամ հատուցում է ստացել: Ծանր վիրավորված 803 ու անհետ կորած 55 անձի հարազատի՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամիսը 300 հազար դրամ է փոխանցում միջանկյալ «Կամուրջ» ծրագրով: Շահառուների թիվն ու ցուցակը պարբերաբար լրացվում են՝ ասում է հիմնադրամի տնօրենը:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - Մարդը եթե տեսնում է, որ իր զինծառայողի անունը չկա, պետք է դիմի ՊՆ ու հետաքրքվի՝ ինչո՛ւ չկա...
Ավետիքյանը վստահեցնում է՝ անկախ հանգամանքից՝ շահառուն ե՞րբ կդիմի, սահմանված գումարը ստանալու է: Թղթաբանությունը պետք է սկսել գյուղապետարան-թաղապետարանից: «Կամուրջ» ծրագրին, ի դեպ, Կառավարության նախորդ շաբաթվա որոշման համաձայն՝ կարող են դիմել նաև զինհաշմանդամի կարգավիճակ դեռ չունեցող, բայց այս պատերազմում առաջին և երկրորդ կարգ ստացած անձինք:
Վարուժան Ավետիքյան - Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն զինծառայողները, որոնք չեն ստացել զինհաշմանդամություն, բայց քաղհաշմանդամ են, կարող են օգտվել «Կամուրջից»:
Հետո, երբ շահառուների ցուցակները վերջնական կճշտվեն, հիմնադրամը վերահաշվարկ կանի: Ունեցած՝ անհետ կորածների նախնական 1600 տվյալը, օրինակ՝ վերադարձվող գերիների ու հայտնաբերվող աճյունների ԴՆԹ-նույնականացման հաշվին գնալով պակասում է: Անգամ եթե ֆինանսավորման նպատակով հիմա չեք դիմելու, ճիշտը հարազատի համար անհայտ բացակայողի կարգավիճակ ստանալն է. հետո այն ընտանիքին անհրաժեշտ է լինելու ժառանգությունը եղբոր կամ քրոջ անունով ձևակերպելիս թե տունը վաճառելիս՝ մարդկանց հուշում է Վարուժան Ավետիքյանը:
Վարուժան Ավետիքյան - Փետրվարի 10-ից դատարան դիմելու իրավունքը կա, խնդրանքս, կոչս՝ դիմել դատարան, ուղղորդում եմ Փաստաբանների պալատի հանրային գրասենյակ, որտեղ անվճար կարող են ստանալ...
Բոլոր հատուցումների համար հիմնադրամին որքա՞ն գումար է պետք լինելու, և դրա ո՞ր մասն է կազմում մարդկանց աշխատավարձից գանձվող հունվարի ավելացած դրոշմանիշային գումարը՝ հաշվարկ դեռ չկա: Տարեսկզբից 1000 դրամները դարձել են մինչև 15 հազար, բայց այդ փողը, ըստ Ավետիքյանի, գանձապետարանից մարտի վերջին նոր տեղ կհասնի: Նորամուծությունը, սակայն, հասցրել է ազդել նվիրատվությունների վրա:
Վարուժան Ավետիքյան - Դրոշմանիշային գումարների բարձրացումը բացասաբար ազդեց նվիրաբերությունների վրա, գոնե՝ Հայաստանից, քանի որ մարդիկ ասեցին՝ էնա տալիս ենք...
Նվիրատվությունը հատկապես սփյուռքից ակտիվացնելու համար հիմնադրամը մի քանի ծրագիր է սկսել. ամեն ամիս՝ 25 հազար դրամ կամ 50 դոլար տվող արդեն 1000 աջակից ունի: 3 տարի 1-ական մլն դրամ խոստացած «Գրանդ Թորնթոնը» կա, և բարերարների վճարումները կրկնապատկելու-բազմապատկելու տարբեր նախագծեր:
Վարուժան Ավետիքյան - Ունենք մի նվիրատու, որը խոստացել է 100 հազար դոլար նվեր տալ՝ պայմանով, որ 100 սփյուռքահայից 500 հազար հավաքենք....
Անկախ չափից, գումար նվիրել հիմնադրամին կարելի է նաև կայքի միջոցով՝ ի հիշատակ և ի պատիվ զոհված զինծառայողի: