Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծման օրվանից մինչ օրս շուրջ 32 միլիարդ դրամ պարտադիր վճարների գծով գումարներ է ստացել՝ տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով՝ ստեղծման օրվանից մինչ օրս հիմնադրամը շուրջ 9 միլիարդ դրամ նվիրաբերություններ է ստացել աշխարհի ավելի քան 60 երկրից:
«Վերջին պատերազմից հետո մենք ստացել ենք 7.5 միլիարդ նվիրաբերություն թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից, այսինքն՝ մենք մեր ստացած նվիրաբերությունների մեծ մասը՝ շուրջ 80%-ը, ստացել ենք պատերազմից հետո»,- ասաց Ավետիքյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ վերջին պատերազմի արդյունքներով հիմնադրամը շուրջ 2 հազար ընտանիքի է սպասարկում, յուրաքանչյուր շաբաթ այդ թիվն աճում է մի քանի հարյուրով, շուրջ 100 շահառու էլ հիմնադրամն ունի Արցախում: Իրենց նպատակն է շաբաթական առնվազն 100 դեպք սպասարկել: