Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Նախքան շրջակա միջավայրի նախարարության գործունեության քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ոլորտի կարևորությանը. «Շրջակա միջավայրի խնդիրները 21-րդ դարում դրված են ամենասուր կերպով, և պետք է ուղիղ ասել, որ մարդու, քաղաքակրթական ցանկացած գործունեություն, ինչ-որ իմաստով, հակաբնապահպանական երևույթ է: Ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է, և այդ բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, Շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը:
Իհարկե, պետք է ասել, որ, ցավոք, այս չափանիշներով չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլև մեզ համար ցանկալի իրավիճակում, և այստեղ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կանգնեցնել: Ես հասկանում եմ, որ իմ բերած օրինակները երբեմն շատ սուր են, շատ գրոտեսկային են, բայց այս շենքը, որտեղ հիմա մենք նստած ենք, որոշակի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ կառուցվելու, պլանավորման փուլից սկսած մինչև հիմա, որ կանգնած է: Ի վերջո, չմոռանանք, որ այստեղ ինչ-որ ժամանակ եղել է կուսական բնություն և չմոռանանք, որ այն քարը, որը դուրս է բերվել հանքերից, կորզվել է բնությունից, շինանյութերը և ամեն ինչը, խողովակները, փայտը՝ ամեն ինչը կորզվել է բնությունից: Բայց այս պրիմիտիվ արձանագրումները շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ ճիշտ դիրքավորել բնության նկատմամբ՝ հասկանալով, որ կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել: Բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները, շահույթները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման վրա: Այս բարդ խնդիրների ամենօրյա իրագործմամբ Դուք եք զբաղվում, հարգելի գործընկերներ, և այսօր հաճույքով կլսենք Ձեր ծրագրերի, ամենօրյա աշխատանքների, հաջողությունների և մարտահրավերների մասին»:
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է ոլորտի ընթացիկ բարեփոխումները: Դրանցից առաջնային կարևորություն ունեցողներից են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված համալիր ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է շենք-շինությունների ապամոնտաժում, շինաղբի հեռացում և ձկնապաշարների զարգացում: Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ
• Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է 1903.5 մ նիշից ցածր ընկած հատվածում գտնվող շուրջ 1600 շենք-շինությունների, ապօրինի կիսակառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման գործընթացը: Ապամոնտաժվել է և տարածքից հեռացվել 3 տասնյակ քանդման ենթակա այդպիսի կառույց: Աշխատանքները շարունակվում են:
• Ամփոփվել է Սևանա լճում սիգի արդյունագործական պիլոտային ծրագրի առաջին փուլը: Դրա շրջանակում ակտիվ աշխատանք է տարվել ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ, արձանագրվել է ձկնագողության դեպքերի 75-80 տոկոս կրճատում: 2020 թ. սեպտեմբերից մինչ դեկտեմբերի 1՝ որսի արգելքի մեկնարկը, շուրջ 265 շահառու քվոտավորված և օրինական կերպով որսացել են մոտ 205 տ սիգ: Այսկերպ գործարարները հնարավորություն են ստացել նաև օրինական ճանապարհով արտահանում իրականացնել: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապօրինի ձկնորսության դեպքերի կրճատման նշաձողի բարձրացում, գրեթե նույն քանակով քվոտավորում ձկնորսներին՝ որպես արդյունագործական ձկնորսության պաշար: Առաջիկայում կներկայացվի կառավարության որոշման նախագիծ՝ երկրորդ փուլը մեկնարկելու վերաբերյալ:
Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ զեկուցվել է, որ 2021 թ. արձանագրվել է Սևանա լճի ջրի մակարդակի վերջին 5 տարվա ամենաբարձր ցուցանիշը, և ընթացիկ իրավիճակն անցյալ տարվա համեմատ դրական դինամիկա է արձանագրել: Նիկոլ Փաշինյանը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և ջրի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերի արդյունավետության առումով, կարևորել է հետևողական աշխատանքը և ինչպես առկա, այնպես էլ կանխատեսումների հիման վրա ձևավորվող տվյալների թվայնացումը: «Թվային մոդելի առկայությունը թույլ կտա մեծացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նկատել է վարչապետը և հանձնարարել աշխատել այս ուղղությամբ:
Հաջորդիվ վարչապետին զեկուցվել է անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի մասին: Այս համատեքստում ներկայացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքները: Նշվել է, որ ներկայում 2 անտառտնտեսությունում փորձնական տնտեսվարման ինքնաբավ մոդել է ներդրվում, որը ենթադրում է փայտանյութի, շինանյութի և անտառանյութի արդյունագործական-տնտեսական բաղադրիչի իրագործում բացառապես «Հայանտառի» միջոցներով, այսինքն՝ ՊՈԱԿ-ը, իր բյուջեի հաշվին, հավելյալ աշխատուժի ներգրավմամբ, կիրականացնի փայտանյութի ողջ մթերումը: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում ստվերային մեծ շրջանառություն է վերհանվել, նաև կան հարուցված քրեական գործեր: Ոլորտում ուռճացված աշխատեղերի կրճատման, խնայողությունների և տնտեսվարման նոր մոդելի կիրարկման արդյունքում այս տարվա մարտի 1-ից նախատեսվում է «Հայանտառի» շուրջ 970 աշխատակցի աշխատավարձերի բարձրացում: Խնայողությունների ծավալը կազմել է 271 մլն դրամ:
Վարչապետին զեկուցվել է ապօրինի անտառհատումների մասին, որոնք, ըստ պատասխանատուների, շարունակում են դեռ զգալի թիվ կազմել: Նշվել է, որ ուսումնասիրվում է անտառների կառավարման մոդելի բարեփոխման հնարավորությունը՝ շուրջօրյա պահնորդական ծառայության ներդրմամբ և տնտեսական բաղադրիչներով: Այս համատեքստում քննարկվել են վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է անտառվերականգնմանը՝ 2020 թ. վերականգնվել է 123 հա, 2021 թ. նախատեսվում է 3 անգամ ավելացնել տնկարանների ծավալը: Այս առումով անդրադարձ է եղել Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ծրագրին, որը հետաձգվել էր համավարակի և պատերազմի պատճառով: Քննարկվել են այս տարվա ընթացքում ծրագրի իրականացման մանրամասները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև կենդանական աշխարհի պահպանման և որսագողության դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքը: Զեկուցվել է, որ նախատեսվում է իրականացնել կենդանիների հաշվառում և ստեղծել կադաստրի համակարգ: Էական փոփոխություններ են իրականացվելու որսորդության բնագավառում՝ որսորդական տնտեսությունների ձևավորման հեռանկարով: Արդեն իսկ սկսվել է աշխատանքը՝ նախկինում անհատույց օգտագործման նպատակով տրված, կենդանական աշխարհով հարուստ տարածքների կառավարման թույլտվությունների լուծարման ուղղությամբ, կառավարության համապատասխան որոշման ընդունման արդյունքում կվերականգնվի 16000 հա տարածք, գործընթացը շարունակական է լինելու:
Խորհրդակցությանն արծարծվել է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների և ստորերկրյա ջրավազանի պաշարի, խորքային հորերի արդյունավետ կառավարման հարցը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:
Ներկայացվել են նաև Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույցների՝ Անտառային կոմիտեի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունն ու ծրագրերը: Մասնավորապես, զեկուցվել է իրականացված բարեփոխումների և առաջիկա անելիքների մասին, կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների մասին: Տեղեկացվել է, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ներդրվելու է առցանց կտրոնների համակարգ, որը, հաջողելու դեպքում, նախատեսվում է ներդնել նաև նախարարության մյուս կառույցներում: Գործընթացը կմեկնարկի մարտի կեսերին:
Անդրադարձ է եղել նաև նախարարության աշխատակազմի գործառույթներին, հաստիքացուցակին, կառուցվածքային բարեփոխումներին և կադրային համալրման գործընթացին:
Ներկայացվել են նաև Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին, ինչը նախկինում չի եղել: Որպես լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի համալիր ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ծառայությունների մատուցման չափանիշներ ներդնել և աշխատանքը կազմակերպել այդ սկզբունքով: Վարչապետը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հետևողական, նախաձեռնողական աշխատանքը և վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը՝ ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման անհրաժեշտությունը: