Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներին կացարաններով ապահովելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու հիման վրա, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության, դրանք կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:
Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել ընդհանուր առմամբ 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները:
Երեք տուն արդեն կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում: Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության, որը փոխանցվում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը: