Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այդ պատմական առաքելությունից երբեք չի հրաժարվելու։ «ՌԻԱ Նովոստիի» հետ ծավալուն հարցազրույցում շեշտել է Հայաստանի պաշտպանության նախարարը, ընդգծել՝ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Արցախի Պաշտպանության բանակը, որի մարտունակության վերականգնման և արդիականացման ուղղությամբ շատ անելիք կա:
Հարությունյանը նշում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երրորդ բաղադրիչը:
Վաղարշակ Հարությունյան (ՀՀ պաշտպանության նախարար) - «Դա ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ նախ հաջողվեց հասնել կրակի դադարեցման, իսկ այնուհետ՝ պարզապես կանխել հումանիտար աղետը։ Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կապահովվի»։
Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ օրակարգում է եղել, բայց Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտություն Հարությունյանը չի տեսնում:
Ավելի ճիշտ է, թերևս, խոսել Հայաստանի արևելյան ուղղությամբ ռուսական ռազմաբազայի որևէ կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին, և այդ առումով համատեղ աշխատանք է տարվում։
Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության դեպքում «միջանցք» տերմինի կիրառումը նախարար Հարությունյանը ճիշտ չի համարում: Հիշեցնում է՝ Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցք է միայն Լաչինը։ Մյուս բոլոր դեպքերում կարելի է խոսել ընդամենը տրանսպորտային հաղորդակցության մասին։
Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը։ Բանակը ներգրավելու հարց անվտանգությունն ապահովելու համար այս պահին չկա, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի Անվտանգության ծառայության սահմանապահներին:
Սահմանապահների մասին: Հարությունյանն ընդգծում է՝ Հայաստանը Ռուսաստանից բացի միակ երկիրն է, որտեղ ռուս սահմանապահներ կան։ Նախկինում այդ անձնակազմը մեր երկրում պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող միայն ԱՊՀ սահմանի անվտանգության համար:
Այսօր իրավիճակն էականորեն փոխվել է, և ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրվել` ապահովել անվտանգությունը և պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի հետ։
Հայաստանում ռազմական բարեփոխումներ ոչ միայն նախատեսվում, այլև արդեն իրականացվում են, ընդ որում՝ այդ գործընթացում անմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները,- ասել է նախարարը:
Մեր հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը: Այս տարվա հունվարի 25-30-ը Հայաստանում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ զինված ուժերի բարեփոխման և արդիականացման հարցերում մեզ աջակցելու նպատակով:
Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենքի արտադրությունը նախարար Հարությունյանը չի բացառել, հիշեցրել է՝ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ։ Բացի դրանից՝ Հայաստանում կշարունակվի սպառազինության և ռազմատեխնիկայի նորոգման և արդիականացման տարածաշրջանային կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքը: Նախարարը նաև հայտնել է, որ տարվա ընթացքում հայ-ռուսական համատեղ զորավարժություններ կանցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում: