«Ավտոմատիկա» գործարանում էինք աշխատում: Գնում էինք կոլեկտիվով ֆիլմեր դիտելու: Ֆիլմից հետո սկսում էինք քննարկել տեսածը, և իմ տեսակետը որևէ մեկին դուր չէր գալիս, քանի որ միշտ տարբերվում էր մնացած կարծիքներից: Այդպես որոշեցի դառնալ կինոռեժիսոր, որպեսզի նման խոսակցություններ այլևս չլինեն»:
Այսօր համաշխարհային ճանաչում ու վաստակ ունեցող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականը ծնվել է 1938 թվականին Գյումրիում: Մինչև 1963 թվականը ապրել է Կիրովականում։
1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։
«Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց ես համամիտ չեմ այդ կարծիքին: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է ջուրը այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած և՛ գրականությունը, և՛ կերպարվեստը, և՛ երաժշտությունը»:
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը նոր քայլ է մոնտաժի զարգացման պատմության մեջ։
1988 թվականին Փելեշյանը հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, որում զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն:
«Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում. ինձ պատկերի միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը:
Հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում և ոչ միայն իրար մեջ են խոսում, այլև դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը: Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում»:
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
Սերգեյ Փարաջանովի հանդիպումը Արտավազդ Փելեշյանի հետ կալանքից ազատվելուց հետո:
Գեղարդ 1978թ.
Լուսանկարը՝ Զավեն Սարգսյանի
Փելեշյանի գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։
Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում և կինոդպրոցներում՝ ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Կինոյի պետական ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասարաններում, ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո): Ռեժիսորը համարվում է պատվավոր դոկտոր և պրոֆեսոր երկու պետական բուհում՝ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հայ-ռուսական համալսարանում: Աշխատել է «Բելառուսֆիլում», «Հայֆիլմում», Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում», Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար և Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։ 2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվո տախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։
«Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել՝ որն է ամենալավը… Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր»,- Փելեշյանի մասին մի անգամ ասել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն։