Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ միության նոր նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Խդր Հաջոյանը (Թամոյանը) Եզդիների ազգային միության՝ այս տարվա հունվարի 2-ին մահացած նախագահ, առաջնորդ Ազիզ Թամոյանի թոռն է: Ազիզ Թամոյանը 83 տարեկան էր և կառույցը ղեկավարել է 1988-ից` գրեթե 33 տարի: «Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Հենց այդ մասին է պատմել նոր նախագահի ընտրությանը նախորդած՝ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմը»,- ասվում է Եզդիների ազգային միության հաղորդագրության մեջ:
Համագումարի ընթացքում էկրանին ցուցադրվել են եզիդական միջազգային կառույցների այն ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ, Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ՝ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:
Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Քյարամ Սլոյանը, Ազիզ Ավդալյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարություն կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի իր ելույթում նշել է, որ իր մեծ ուսուցչի` Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին:
Եզդիների ազգային միությունից հայտնում են, որ Խդր Հաջոյանը (Թամոյանը) համագումարի ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ`եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ-եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք:
«Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ: Այն ճանապարհը, որով պիտի գնանք հեշտ չէ, սակայն ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը ազգային արժեքների պահպանությանն ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից: Այնպես որ, եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին: Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի Թֆակա էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ինչպես տեղեկացնում են միությունից, ասել է Խդր Հաջոյանը:
Միջոցառման ընթացքում նաև արցախյան պատերազմի եզդի մասնակիցներից Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանի պարգևն է հանձնվել. նա ավելի վաղ պարգևատրվել էր Արցախի նախագահի հրամանագրով` Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանով: