Բարսելոնում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ իրենց համերաշխությունը հայտնելու նախորդ շաբաթ ձերբակալված ռեփեր Պաբլո Հասելին: Երաժիշտը դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման երգերի և թվիթերի համար, ինչը դատարանը համարել է միապետությանն ուղղված վիրավորանք ու ահաբեկչության կոչեր՝ հաղորդում է euronews-ը:
Խաղաղ սկսված ցույցերը կարճ ժամանակում վերածվում են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր ու աղբամաններ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք փակել էին քաղաքի ոստիկանության գլխավոր շտաբ տանող ճանապարհը: Ցուցարարները բարիկադներ են կառուցել, կոտրել ցուցափեղկեր: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, բերման է ենթարկել մի քանի ցուցարարի: Ընդհանուր առմամբ,ցույցերի ընթացքում երկրում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հասկացրել էին, որ մտադիր են չեղյալ հայտարարել բանտարկությունը խոսքի ազատության հետ կապված հանցագործությունների համար, բայց այդ ընթացքում Հասելը շարունակում է կրել իր պատիժը, բողոքներն էլ չեն հանդարտվում: