Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում կազմել են 1 միլիարդ 27,2 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 65.8 տոկոսով կամ 1 միլիարդ 972.3 մլն դրամով: Այս մասին հայտնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:
«Այս տարվա հունվարի ընթացքում հարկային մարմնում գրանցվել (հաշվառվել) է թվով 60, լուծարվել` 5 տնտեսվարող սուբյեկտ: Նույն ժամանակահատվածում կատարվել է 27 ուսումնասիրություն, այդ թվում 21-ը` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության, 6-ը` ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման: Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 6 819 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով` 6 460:
Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել է 29 պայմանագիր: Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գործընթացի շրջանակում՝ 28 վարձու աշխատողի հունվար ամսում վերադարձվել է 3,9 մլն դրամ: Գործունեությունը նոր սկսող 10 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր՝ եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակում երկու կառույցների միջև իրականացվել են Արցախի Հանրապետության հարկ վճարողների կողմից ՀՀ մաքսային սահմանով կատարված ներմուծումների, արտահանումների, ՀՀ և ԱՀ սուբյեկտների միջև իրականացված գործարքների, անուղղակի հարկերի հաշվանցումների, ինչպես նաև հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման աշխատանքներ:
Հունվար ամսվա ընթացքում հարկային մարմին է մուտքագրվել 223, ելքագրվել` 61 նամակ-գրություն, որոնք ընթացքավորվել են ըստ գործող կարգի»,- հայտնում են Արցախի պետեկամուտների կոմիտեից: