ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում թողարկված «Պատերազմին մասնակցած զինծառայողներն ու պահեստազորայիններն անվճար բուժօգնություն չեն ստանա» վերտառությամբ հոդվածին՝ նախ հարկ է նշել, որ խորագիրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած անձանց (պատերազմի ժամանակ վնասվածք, վիրավորում կամ խեղում ստացած) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:
Ինչ վերաբերվում է պատերազմի մասնակից զորացրված զինծառայողներին, պահեստազորայիններին, ովքեր չունեն վիրավորում, խեղում կամ վնասվածք, ապա վերջիններիս ևս կարող է տրամադրվել պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու դեպքում, որը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը»: