Պաշտոնական Թեհրանը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի ներկա լինել միջուկային գործարքի համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, քանի դեռ չի վերացրել իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները՝ տեղեկացնում է euronews-ը: Նախորդ օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին հայտնել էր, որ Իրանի հետ համաձայնություն է ձեռք բերվել միջուկային օբյեկտների ստուգումները ժամանակավորապես շարունակելու մասին:
Գրոսսիի այցն Իրան, որը սկսվել էր շաբաթ օրը, նախատեսված չէր: Միջազգային գործակալությունն այդ շտապ ուղևորության անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Թեհրանը տեղեկացրել էր փետրվարի 23-ից ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները սահմանափակելու մտադրության մասին:
Թեհրանը հայտնել է, որ մուտքի սահմանափակումը կարող է վերացվել, եթե 6 տարի առաջ միջուկային համաձայնագիրը ստորագրած երկրները համաձայնեն Իրանի պահանջներին:
Բացի դրանից՝ Իրանի առաջնորդները նշում են, որ իրենք չեն հրաժարվում ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունից և մտադիր չեն չեղարկել բոլոր ստուգումները: