Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ եղել է օրակարգում:
Հարությունյանը Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում: Նա նշել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռազմակայանի մի մասը Հայաստանի արևելքում տեղակայելու հնարավորությունը:
Հարությունյանի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել ռազմակայանի ուժեղացման և վերազինման ուղղությամբ, և իր համոզմամբ՝ տվյալ գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու։ Նախարարը խոսել է նաև Հայաստանում ռուսաստանցի սահմանապահների գործառույթների մասին:
«Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ ռուսաստանցի սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված:
Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանային ծառայությունների միջև հաստատվել է սերտ և արդյունավետ համագործակցություն, և Հայաստանում ռուս սահմանապահներին վերապահված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Հարությունյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհին, շեշտել, որ խոսք չկա «միջանցքի» մասին, դա լինելու է տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ճանապարհ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքի կարգավիճակ ունի միայն Լաչինը, որի միջոցով իրար են կապվում Հայաստանն ու Արցախը:
Ծավալուն հարցազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է Արցախի անվտանգության երաշխավորման հարցի մասին:
«Երևանը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով Ղարաբաղում երկարատև խաղաղություն կապահովվի: Հայկական կողմը ելնում է նրանից, որ Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը: Իհարկե, շատ աշխատանք պետք է կատարվի նրա վերականգնման և արդիականացման ուղղությամբ: Երկրորդ, Հայաստանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այդ պատմական առաքելությունը մենք մեր վրայից երբեք չենք հանի»,- ասել է նախարարը: