Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշել է քաղաքային խորհրդում ներկայացված նախագիծն առաջինը ստորագրած Ալբերտո Զելգերը՝ ընդգծելով, որ եկել է ժողովրդի ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու ժամանակը:
Նախագիծը ստորագրած քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Վիտո Կոմենչինին, նկատել է, որ Էրդողանի քաղաքականությունը լուրջ ապակայունացնող գործոն է դարձել տարածաշրջանում:
«Այսօր՝ գրեթե մեկ դար անց, հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքներից, որոնք չափազանց երկար մնացին անտեսված Արևմտյան պետությունների կողմից, նոր բռնություններ կիրառվեցին, որոնք պետք է ուղղակիորեն դատապարտման արժանանան»,- ասել է նա:
Նախագծով առաջարկվում է նաև Վենետոյի շրջանում առաջ մղել նախագծեր, որոնք թույլ կտան ավելի մանրամասն ու հանգամանալից, այդ թվում և կրթության նախարարության աջակցությամբ ու դպրոցների ներգրավմամբ, ուսումնասիրել հայ ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները: