ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի՝ Թեհրան կատարած այցի ավարտին կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Իրանի միջուկային համալիրներում գործակալության տեսուչների ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է
Pars Today-ը:
Գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայությունը, որի հիման վրա 2020 թ. օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ 2021 թ. փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:
Հայտարարության մեջ ասված է, որ Իրանը, ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:
Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավորություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):
2020 թ. դեկտեմբերի 1-ին Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը: