ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդես-համաժողովին:
«Հայաստանյան տաղավարում ներկայացված ընկերությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, որի մասին կվկայեն ստորև տեղադրված նկարները: Երեկվանից մեդիայում տարբեր շրջանակների կողմից շահարկվում է հայկական տաղավարի «դատարկ լինելու» հանգամանքը:
Հատուկ չարախնդացողների և շահարկողների համար տեղադրում եմ նկարներ Գերմանիայի, Բելգիայի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համար նախատեսված տաղավարներից, որտեղ արտադրատեսակները ներկայացված են «բուկլետներով» և անիմացիոն հոլովակներով՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի տաղավարը:
ԲՏԱ նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել, թե ինչու ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերությունների ցուցանմուշները ներկայացված չեն:
Տեղեկացնեմ նաև, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել եմ մի շարք կարևոր հանդիպումների, որի մասին նախարարությունը կլուսաբանի»,- գրել է պատգամավորը: