Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը շնորհավորել է արցախցիներին Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում եմ բոլորիս թերևս ամենալուսավոր տոնի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, օր, որը չափազանց պարտավորեցնող է, հատկապես՝ մեր օրերում՝ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, և, միաժամանակ, մայրենիի հանդեպ ծառացած խնդիրներին անդրադառնալու և արդյունավետ լուծումներ փնտրելու յուրօրինակ առիթ է:
Հիրավի, տարեցտարի ավելի ու ավելի շատ միջոցառումներ ենք կազմակերպում՝ նվիրված մայրենիին, գիտակցում ենք, որ այն յուրաքանչյուր հայիս համար խորհրդանշական իմաստ ունի, որ հայոց լեզուն մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունը և արժանապատվությունը, բայց և միաժամանակ արձանագրում ենք, որ շատ են նաև անելիքները, որոնք գլխավորապես պայմանավորված են արդի մարտահրավերներով:
Այո՛, մարտահրավերները միշտ են եղել՝ մեր ծննդյան օրից առ այսօր, սակայն ներկայումս այլ են դրանք, այլ տեսքով, այլ բովանդակությամբ, թեև յուրաքանչյուրն էլ դժգույն սպառնալիք է մեր ինքնությանն ու գոյին: Ու ինչպես մեր պատմության օրհասական պահերին, այսօր ևս հայերենը, հանց բացառիկ ալմաստ վահան, չի ընկրկում ժամանակի և ճակատագրի հարվածներից. նա ամուր է իր հզոր Արարատի պես, անհաղթելի Հայկ նահապետի, հազարամյա հայի, ոչնչից և երբեք չվհատվող արցախցու պես:
Պարզապես, մեր հոգատարության կարիքն ունի, մեր հարգալից վերաբերմունքի, անմնացորդ սիրո և նվիրումի:
Մայրենիի օրն այս թող յուրօրինակ կոչ լինի մեր բոլոր օտարախոս հայրենակիցներին, որ օր առաջ փոխեն վերաբերմունքն առ մեր ինքնության գլխավոր կռվան հայոց լեզուն, և բոլորիս՝ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերիս,որ այսուհետ անաղարտ պահենք այն, որպես սուրբ մասունք, զերծ մնանք լեզվական մեղանչումներից, անտարբեր չլինենք, այլ հոգ տանենք ու ապրենք նրանով՝ մեր բացառիկ լեզվով:
Շնորհավոր օրդ, Հայոց լեզու, չխամրող զարդ, հայ ազգածառի կենարար արմատ, մեր ոգու մշտնջենական ակունք»: