Հայաստանի կառավարությունն սոցիալական աջակցության մոտ 20 ծրագիր է մշակել: Արցախում և Հայաստանում գործող ծրագրերով արցախահայությանը արդեն տրամադրվել է ավելի քան 21.5 միլիարդ դրամի աջակցություն: Օգնության ընդհանուր ծավալը մոտ 61 մլրդ դրամ է: Կառավարությունը այս շաբաթ հրապարկեց թիրախային ծրագրից 5-ի համար պետության հատկացումները: Տվյալները փետրվարի 10-ի են:
Արցախում հաշվառում ունեցող ու տեղահանված 99 հազար 323 քաղաքացու տրամադրվել է 68,000 + 15,000 դրամ: Այս ծրագրի ֆինանսավորումը շուրջ 7 մլրդ 270 մլն դրամ է։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված, հիմա Հայաստանում կամ Արցախում գտնվող՝ Արցախի քաղաքացիներին, այդ թվում երեխաներին՝ միանվագ դրամական օգնության ծրագրի համար հատկացվել է մոտ 7 մլրդ 760 մլն դրամ։ Վճարման ցուցակում ներառվել է 25 հազար 851 քաղաքացի։
Արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար կառավարությունը երեք ամիս տևողությամբ ծրագիր է մշակել: Գործազուրկի կարգավիճակ ունեցող արցախցին կօգտվի աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից՝ ամսական ստանալով 100 հազար դրամ զուտ աշխատավարձ։ Մասնագիտությանը ծանոթացնող աշխատողն էլ պետությունից 34 հազար դրամ կստանա։ Զբաղվածության ապահովման մյուս ծրագրի դեպքում՝ արցախցիները կարող են մասնակցել վարձատրվող հասարակական աշխատանքներին՝ շինարարություն, բարեկարգում, կանաչապատում՝ այս դեպքում ստանալով օրական 8 հազար դրամ՝ ներառյալ հարկերը։ Ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել 1,600 արցախցի:
Նախորդ տարվա հոկտեմբերի մեկից մինչև այս տարվա փետրվարի տասը տրամադրվել է 238 աջակցող միջոց, այդ թվում` պրոթեզներ, օրթեզներ, օրթեզի, պրոթեզի կամ օրթոպեդիկ կոշիկներ, լսողական սարքեր, անվասայլակներ:
Հայաստանի կառավարությունը 3 ծրագրով ուղիղ աջակցություն է ցուցաբերել Արցախին:
1 մլրդ դրամ հատկացվել է Արցախի բնակչության սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին սպառած գազի, էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցմանը: 940 միլիոն դրամ փոխանցվել է Արցախ՝ 2020 թ. դեկտեմբերի կենսաթոշակի ու նպաստի, իսկ 25 միլիոն դրամ՝ Արցախփոստի անձնակազմի աշխատավարձը վճարելու համար: