Այսօր տեղի է ունենեցել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի բացման արարողությունը՝ նվիրված Արցախի վերածննդի օրվան։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Կենտրոնի վերաբացումը նոր հնարավորություն է դեպի նոր վերածնունդ և նպատակը մեկն է՝ դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ, նրանց մեջ սերմանել ազգային արժեքները՝ հայ լինելու և հայ մնալու գաղափարը։
Միջոցառմանը ցուցադրվել են կենտրոնի տեխնիկական ստեղծագործության և գեղարվեստական արվեստի բաժինների տարբեր խմբակների սաների աշխատանքները:
Ազգագրական երգ ու պարի խմբակի սաները, իրենց հուզիչ և անկեղծ կատարմամբ, հանդիսատեսին մատուցել են «Ա՜խ տունս, տունս» երգը, իսկ հայրենաշունչ պարային բեմադրությունը հայրենասիրական և ազգագրական ոգով է տոգորել բոլոր ներկաներին։
Միջոցառման միջոցով մեկ անգամ ևս ակնհայտ է դարձել, որ հայի ուժն իր միասնության և համախմբվածության մեջ է, ու հայ ազգն այսօր հայ է մնացել միայն իր հավատքի շնորհիվ։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, հայ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ և կենտրոնի այլ խմբակի սաներ։