2018-ի ապրիլին բանակցային գործընթացը փակուղում չի եղել. վերջին հարցազրույցի ընթացքում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Մինչդեռ նույն 2018-ի ապրիլի 17-ին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն Աժ ամբիոնից այլ կերպ էր ներկայացնում բանակցային գործընթացը: Մոտ 3 տարվա վաղեմության այդ ելույթն ու երեք օր առաջ հնչեցրած պնդումները միմյանցից կտրուկ տարբերվում են:
Հարց - Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ ձեզնից ստացել է մի փաստաթուղթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր, փաստացի 2018-ի ապրիլին բանակցությունները եղել են փակուղում, այդպե՞ս է:
Սերժ Սարգսյան - Ո՛չ, միանշանակ ո՛չ:
Սերժ Սարգսյան (17.04.1018) - Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ՝ բանակցային գործընթացը կանգնած է: Կանգնած է, որովհետև արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար:
Սերժ Սարգսյանը հարցազրույցում նշում էր, որ վարչապետ էր ուզում ընտրվել, որպեսզի ստորագրեր արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթուղթը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էր ստորագրելու այդ փաստաթուղթը և ի՞նչ փաստաթուղթ էր ստորագրելու, եթե Ադրբեջանի ակնկալիքները այդ փաստաթղթից անիրատեսական և անընդունելի էին:
Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ Սարգսյանը պատրաստ էր ընդունելու Ադրբեջանի՝ մեզ համար անընդունելի պահանջները: Այսօր ընդդիմադիրները պնդում են, թե պատերազմն անխուսափելի չէր, մինչդեռ 2018 թ. ելույթում Սերժ Սարգսյանն այլ բան էր ասում:
Այս համատեքստում հարց է առաջանում. եթե Ադրբեջանի պահանջները մեզ համար անընդունելի էին, և Ադրբեջանն էլ ամեն պահ կարող էր պատերազմ սկսել, ապա ինչպե՞ս կարելի էր խուսափել պատերազմից, և արդյոք պաշտոնական Բաքվի անընդունելի պայմաններն ընդունելը թույլ կտար խուսափել պատերազմից:
Սերժ Սարգսյանը դեռևս 2016-ի իր հարցազրույցում է նշել, որ ամեն անգամ, երբ բանակցային սեղանի շուրջ պատրաստվում էին ստորագրել և Ադրբեջանին հանձնել հայտնի 7 շրջանը, Ալիևն ամեն անգամ նոր պահանջներ էր ներկայացնում:
Փաստորեն, Սերժ Սարգսյանի կողմից տարբեր փուլերում Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ հնչեցրած հայտարարությունները մեկը մյուսից հակասական են: