Հանրահանվաքի մեկնարկը նախ թմբուկներն ազդարարեցին, ապա 33 տարի առաջ այսօր սկսված Արցախյան շարժման խորհրդանիշ շեփորը հնչեց: Ղարաբաղյան շարժումը հիշելուց-հիշեցնելուց հետո Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Հայաստանի վերջին երեք տարվա իրադարձություններին: Ասաց՝ մեզ ոչ թե խաբեցին, այլ մենք խաբվեցինք: Իրավիճակից դուրս գալու համար առաջարկեց պլան Ա և Բ:
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու - Ինչ ցույցեր էլ անենք, Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ինքնակամ չի թողնելու, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ունի: Այդ հենարաններից առաջինը մեր հայրենակիցներից այն հատվածն է, որը չի գիտակցում, թե երկիրն ուր է գնում: Կա նաեւ պլան Բ. ցանկացած պահի, դա կլինի այսօր, թե 10 օրից, պատրաստ լինել ապստամբելով վերցնել իշխանությունը:
Մանուկյանը հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ընտրել է առաջին տարբերակը՝ միշտ պատրաստ լինելով նաև երկրորդին: «Ազատության» հրապարակում հավաքվածների վարչապետի թեկնածուն խոսեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու դրա լինել-չլինելու մասին:
Վազգեն Մանուկյան - Ոչ մեկս համաձայն չենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ, բայց չենք կարող չեղարկել, որովհետև դրա հետևում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չէ և որին մենք հիմա պատրաստ չենք:
Հիմա, ըստ Մանուկյանի, պետք է փոխել Զանգեզուրով անցնող ճանապարհների վերահսկողության հարցը: Ոչ թե ռուսական, այլ արագորեն վերակառուցվող հայկական բանակը պետք է ապահովի մեր անվտանգությունն՝ ասաց: Ինչ 3 քայլ պետք է իրակաանացնի բանակը ոտքի կանգնելու համար՝ ներկայացրեց Պաշտպանության նախկին նախարարը:
Սեյրան Օհանյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս - Հայոց բանակն այսօր սահմանում պետք է կանգնած լինի, որ սահմանապահ գյուղացիներին, ռազմավարական շատ կարևոր կետեր և ճանապարհներ կարողանա պահպանել:
Ձյունը, վիշտը հիմնավորում չէ հրապարակ չգալու համար՝ մարդկանց անհնազանդության ակցիաներին միանալու կոչ արեց Արցախյան պատերազմում զոհված զինվորի հայրը: Գեղամ Նազարյանի ելույթի ժամանակ քաշքուկ սկսվեց, որը հանրահավաքի կազմակերպիչները բնորոշեցին որպես սադրանք:
Հայաստանը հիմա՝ աչքներիս առաջ քայքայվում է՝ տնտեսական-սոցիալական վերլուծություններ ներկայացնելով հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Երկիրն, ասաց, բաստուրմայի պես կտրում-տալիս են:
Հայաստանի տնտեսական վիճակի մասին՝ «դանակը ոսկորին է հասել» բնորոշմամբ արտահայտվեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ազգի փրկություն համարելով իշխանության րոպե առաջ հրաժարական տալը: Ի՞նչ է անելու ընդդիմությունը. ասացին՝ կպատրաստվեն իրենց բաժին Նյուրնբերգյան դատավարությանն ու համահայկական մեծ ֆորում կնախաձեռնեն՝ ռեսուրսներ, գաղափարներ մեկտեղելու ազգային վերածննդի ծրագրի համար:
Իշխան Սաղաթելյան, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող - Սյսօրվանից սկսած Նիկոլը և նրա իշխանությունը պետք է օր ու արև չունենան Հայաստանում: Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի ակցիաներ:
Սաղաթելյանի հայտարարությունից անմիջապես հետո հանրահավաքի մասնակիցներն «Ազատության» հրապարակից բաժանվեցին խմբերի ու շարժվեցին 4 ուղղությամբ՝ ճանապարհներ փակելու համար: