Այս իրավիճակից դուրս գալու համար կա նախապայման՝ գործող վարչակազմը պետք է հեռանա: Այդ մասին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ այս իշխանության հեռանալուց հետո պետք է կառուցեն այն երկիրը, որի մասին երազել են: «Դժվար է լինելու, բայց պետք է նախևառաջ վերակառուցել բանակը, ապահովել մեր անվտանգությունը, իսկ մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը»,- ընդգծեց Մանուկյանը:
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն առաջարկեց իշխանություններին հեռացնելու պլան Ա և պլան Բ: Պլան Ա-ի մասին խոսելով՝ Մանուկյանն ասաց. «Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու: Ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որոնք նա ունի՝ առաջին հենարանը մեր ժողովրդի այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունը ինչ ճանապարհով է գնում, և մինչև դժբախտությունը չչոքի նրանց դուռը, չեն հասկանա: Մեր խնդիրն է մեր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է կատարվում մեր երկրում:
Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն: Մենք պետք է կոշտ լինենք նրանց հետ, պետք է համոզենք նրանց և միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Եթե հսկայական ժողովուրդ միշտ կանգնած լինի փողոցում, նրանք կմիանան ժողովրդին:
Երրորդ հենարանը ԱԺ պատգամավորներն են: Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզիչ և թողնել նահանջի ճանապարհ: Հայաստանը պետք է եռա: Ամեն օր պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է պարալիզացվի, լինեն գործադուլներ, ավտոմեքենաների շարասյուներով պետք է պտտել Հայաստանում, հավաքել մարդկանց և միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Դա աշխատանք և ժամանակ է պահանջում»:
Ըստ Մանուկյանի՝ պլան Բ-ն հետևյալն է՝ ցանկացած ժամանակ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանություն: «Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Դրա համար պետք է ամենօրյա պայքարը առաջ տանել և պատրաստ լինել»,- ասաց նա:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ Վազգեն Մանուկյանը նշեց. «Մենք համաձայն չենք այդ փաստաթղթի հետ, բայց չենք կարող չեղարկել այն, քանի որ դրա հետևում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չէ, և մենք դրան պատրաստ չենք: Բայց կգա ժամանակ, որ այն էականորեն կփոխվի: Հիմա պետք է փոխել մի բան՝ այն ճանապարհները, որոնք անցնելու են Զանգեզուրով: Հայաստանի տարածքի բոլոր ճանապարհները պետք է վերահսկվեն միայն Հայաստանի կողմից, որևէ պետություն իրավունք չունի վերահսկելու Հայաստանի ճանապարհները»: