Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականն արտագնա առաջին ուսումնամարզական հավաքը, արդեն ավանդույթի համաձայն, անցկացնում է Հայաստանում։ Դրա պատճառները շատ են, սակայն, թերևս, ամենակարևորը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Արմեն Նազարյանի գործոնով է պայմանավորված։
Հավաքին ընտրանին ներկայացել է ուժեղ կազմով, կան նաև նոր անուններ։ Հավաքին մասնակցում է նաև Արմեն Նազարյանի որդին՝ 19-ամյա Էդմոնդ Նազարյանը, որը 2020 թվականին՝ 18 տարեկանում, նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին՝ 55 կգ քաշային կարգում՝ մեկ տարով գերազանցելով Արմեն Նազարյանի ցուցանիշը, որը եվրոպական ոսկին նվաճել էր 19 տարեկանում։
Արմեն Նազարյանը որդու մասին խոսելիս միանգամից դառնում է ավելի ժպտադեմ, բայց և ապագա հաջողությունների ու սպասումների մասին փորձում է համեստ խոսել։ Ակնկալիքները շատ են։ Էդմոնդը փոխել է քաշային կարգը, քանի որ տարվա գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերի նրա մասնակցությունն է։
Էդմոնդը նույնպես Օլիմպիական խաղերում իր մասնակցությունը համարում է տարվա գլխավոր նպատակը։ Քաշային կարգի փոփոխությունը, ըստ մարզիկի, զգացնել չի տալիս: Էդմոնդ Նազարյանը նաև ընդգծում է, որ հայրիկի հետ համեմատվել այս փուլում չի ցանկանում, քանի որ դա կարող է անել միայն այն դեպքում, երբ նվաճի գոնե առաջին Օլիմպիական ոսկին։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականը երևանյան հավաքից հետո մեկնելու է Ուկրաինա, ապա շարունակելու է ճանապարհորդությունը դեպի Հունգարիա։ Այնտեղ ևս նախատեսվում է ուսումնամարզական հավաք, սակայն արդեն տեղի ընտրանու հետ․ դե իսկ գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերին ընդառաջ վարկանշային մրցաշարերում ուղեգրերի ձեռքբերումն է։