ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Անդրադառնալով YEREVAN.TODAY կայքում հրապարակված «Միջպետական խնդիրներ՝ մաքսանենգ ճանապարհով բերված ամենագնացների պատճառով» վերտառությամբ նյութին՝ ստորև ներկայացնում ենք դիտարկումներ ու պարզաբանում որոշ կետերի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստան ներմուծված շտապօգնության՝ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի ամենագնացները շուտով կշահագործվեն ու կծառայեն նպատակին:
Գնումների գործընթացն իրականացվել է հրատապության կարգով՝ ելնելով պատերազմական իրավիճակից: Մեքենաները բարձր ֆունկցիոնալություն ունեն, նախատեսված են լեռնային, ճահճային տարածքների համար, ինչն այսուհետև թույլ կտա ապահովել հասանելիություն հանրապետության բոլոր մարզերում, նաև՝ Արցախում: Դրանց ձեռքբերման նպատակն արտակարգ իրավիճակների ու պատերազմի ժամանակ անխափան շտապօգնություն ապահովելն է:
Ամենագնացները նաև բաժանվելու են սահմանամերձ, բարձր գոտիականություն ունեցող մարզերին:
Առայժմ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի մեքենաները ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում են:
Հաշվառման փուլն ավարտվելուց հետո դրանք կբաշխվեն՝ ըստ ՀՀ Կառավարության որոշման»: