Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Տավուշի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Լանջիկ գյուղում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։
Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա: