Շուռնուխում 13 տան հողային աշխատանքները մեկնարկել են։ Տները կկառուցվեն ամբողջությամբ պետական միջոցներով: Ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ՝ ասում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։ Հիմա այդ տների բնակիչները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում։ Ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի, Շուռնուխում տները կառուցելիս հաշվի են առնում փաստացի բնակվողների և գրանցվածների թիվը, ինչպես նաև անվտանգային հարցերը:
Նունե Պետրոսյան, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ - Այս պահին հրատապ 13 ընտանիքի բավարարելն է, բայց բնակավայրում կան աճող ընտանիքներ, երկրորդ հերթի համար տրված է ուղղակի պահուստային տարածք, որը կկառուցապատվի հետագայում։ Ներդրողները կարող են մասնակցել այդ ծրագրին այս 13-ից դուրս։
Վիճարկելի տարածքներում անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ է ներկայացրել վեց ամսով երկարաձգել վարկեր ունեցող ֆերմերների արտոնյալ ժամկետը։ Էկոնոմիկայի փոխնախարարը վստահ է՝ ֆերմերներին կաջակցեն նույն բիզնեսով զբաղվել մեկ այլ վայրում։
Արման Խոջոյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Մեր առաջարկները, կապված վարկային ռեսուրսների հետ, քննարկվում են բանկերի հետ, և այս պահին փորձում ենք ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ հասկանալու համար, թե ինչն է պատճառը, որ ֆերմերները չեն կարողանում վճարել։
Շուռնուխը, ինչպես նաև Սյունիքի վեց համայնքի արոտավայրերը, կապահովեն ջրով։ Մինչև հունիս փեթակներ ձեռք բերելու, ջերմոցներ ու չորանոցներ կառուցելու համար 270 միլիոն դրամ կտարամադրվի Սյունիքի տասը համայնքի։ Երեք համայնքի կտրամադրվի նոր տրակտոր։ Վարչապետի խորհրդականը նշում է՝ Սյունիքի խնդիրները երկու խմբի պետք է բաժանել՝ հրատապ և երկարաժամկետ։ Ըստ Ռոբերտ Ղուկասյանի, Սյունիքում նոր ճանապարհ կկառուցվի։
Ռոբերտ Ղուկասյան, ՀՀ վարչապետի խորհրդական - Մենք, այո, դա դնում ենք որպես առաջնահերթություն, ուղղակի եղանակային պայմաններով պայմանավորված՝ դա է պատճառը, որ չեն սկսել, բայց կան նաև շատ նոր առաջարկներ:
Ըստ Ռոբերտ Ղուկասյանի, սյունեցիների մտքով նույնիսկ չի անցնում բնակավայրը լքելու գաղափարը։ Շուռնուխից չգնացին, Որոտանից ևս՝ ասում է Ռոբերտ Ղուկասյանը, հակառակը, սյունեցիների առաջարկները վերաբերում են համայնքների զարգացմանը։ Հանձնաժողովը կշարունակի աշխատանքը նաև Դավիթ Բեկ և սահմանամերձ այլ համայնքերում։
Սյունիքի ճանապարհներն անվտանգ են։ Այս մասին ասում է Պաշտպանության փոխնախարարը, ով Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում այցելել էր Սյունիք։ Սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկը, թե կրակոցները նպատակային են, որևէ փաստ չկա։ Ըստ Արման Սարգսյանի, վիճարկելի ճանապարհահատվածում սահմանային հսկողություն են իրականացնում հայկական և ռուսական զորամիավորումները։
Արման Սարգսյան, ՀՀ պաշտպանության փոխնախարար - Երբ ես առաջին անգամ եղա Շուռնուխում, եթե հավատացած լինեի համացանցում շրջանառվող լուրերին, դա շատ վտանգավոր վայր էր։ Բնականաբար, անհանգստության տեղիք է տալիս և անսովոր է Հայաստանի քաղաքացու համար մոտ տարածությունից տեսնել երբեմնի և մեզ համար հակառակորդ պետության զինվորականի։
Սահմանապահ ուժերը վերահսկում են իրավիճակը՝ ասում է պաշտպանության փոխնախարարն ու հավելում, նույնիսկ Տեղ, Խնձորեսկում համայնքների բնակիչների հետ հանդիպմանը մարդիկ բնակավայրը լքելու խնդիր չեն բարձրացրել։
Արման Սարգսյանն, ի դեպ, անդրադարձել է նաև երրորդ նախագահի հայտարարությանը, թե Պաշտպանության նախարարությունում 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել, նշել է, եթե պարզվի, որ հայտարարությունն իրականություն է, կլինի համարժեք պատասխան՝ իրավապահների կողմից։
Արման Սարգսյան - Հանրապետության ներկայիս քաղաքական ղեկավարությունը որդեգրել է մի սկզբունք. անկախ նրանից՝ յուրաքանչյուր ոք ներկայիս պաշտոնյա է, թե նախկին, չի խուսափելու քրեական պատասխանատվությունից։