«Զեպա» հավելվածը, ըստ էության շուկա է, նախատեսված է այն գյուղմթերք արտադրողների համար, որոնք ունեն վաճառքի խնդիր։ Ինչպես անել, որ գյուղացու արտադրանքը չմնա դաշտում․ խնդրի լուծումներից մեկը գտել է Լիլիթ Խաչիկյանը։ Առաջարկում է արտադրողից սպառող շփվել մեկ հարթակում։
Լիլիթ Խաչիկյան (Zeppa մատակարարման շղթա ստարտափի ստեղծող) - Սովորական գյուղացին, ով ունի իրացման խնդիր և չի կարող մրցել խոշոր արտադրողների հետ, կարող է գրանցվել մեր հարթակում, տեղադրել, գովազդել իր արտադրանքը ու գտնել իր սպառողին։
Ագրարային համալսարանում են հավաքվել նաև տասը ագրոտեխնոլոգիական ստարտափներ առաջարկող թիմեր։ Գյուղատնտեսությունում ստարտափներ ստեղծողներին շահագրգռել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության» հայտարարած 35 հազար եվրո մրցանակային ֆոնդը։ Ինչու տեխնոլոգիաներ գնել դրսից, եթե մեր երկրում ագրոտեխնոլոգիաներ ստեղծելով հետաքրքրված է մոտ 40 ստարտափ թիմ։
Հովհաննես Երիցյան (Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի կազմակերպիչ) - Հայաստանում ընդունված ա, որ ագրոոլորտը հին ձևերով՝ բահերով, փոցխով արվող գործ ա: Մենք ուզում ենք ցույց տալ, որ այդպես չի։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ պարտադիր չի դրսից այդ տեխնոլոգիաները առնել, արտասահմանյան ընկերություններին օգուտ տալ, այլ կարելի ա նույնը ստեղծել մեր մոտ։
Լինի ջերմատնային տնտեսությունում, գինեգործությունում թե գյուղմթերքի առևտրում, նորարարական տեխնոլոգիաները գյուղատնտեսությունում պահանջված են՝ ասում է Ագրարային համալսարանի ռեկտորը։ Հիմա համալսարանը ևս փոխակերպման փուլում է։ Թվային գյուղատնտեսությանն անցում սկսում են մասնագետներից։ Արդեն երկու տարի է՝ ինչ համալսարանում ստեղծվել է առաջին Ագրոտեխնոլոգիական ինկուբատորը, որն արդեն երրորդ մրցույթն է հայտարարում։
Վարդան Ուռուտյան (ՀԱԱՀ ռեկտոր) - Ստեղծվում են ինտենսիվ այգիներ, ջերմատներ և ագրովերամշակող ձեռնարկություններ, և այս ամբողջ տեխնոլոգիաները պետք է փոխանցվեն գյուղ։ Դա արդեն լինում է, որովհետև նոր ստեղծվող ագրոձեռնարկությունները շեշտը դնում են նոր տեխնոլոգիաների վրա՝ կաթիլային համակարգ, հիդրոպոնիկ համակարգ, GIS հեռավար զոնդավորում, դրոնների օգտագործում։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային աջակցության պատասխանատուն գյուղատնտեսությունը առաջնային ոլորտ է համարում։ Դա էր պատճառը, որ դեռևս երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը որոշեցին մոտ 12 միլիոն եվրո ներդրում անել կայուն գյուղատնտեսությունում։
Անդրեա Բագիոլի (ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու) - Ներդրումների ավելի քան 60 տոկոսը շոշափելի ներդրում է եղել։ Հիմա մենք անցում ենք կատարում թվային գյուղատնտեսությանը։
Մինչ այժմ ծախսված գումարները Եվրամիության պատվիրակության պատասխանատուն արդյունավետ է համարում։