Արցախյան հարուստ մշակույթը նաև գորգերի միջոցով բացահայտելու հնարավորություն կունենան մայրաքաղաքի բնակիչները: Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում վաղվանից կբացվի Շուշիի գորգերի երևանյան ցուցադրությունը:
Արցախի Ճարտար գյուղի հարսանյաց կարպետի եզակի օրինակներից է: Հնում ժողովրդական ֆոլկլորն էր գորգագործների ստեղծագործության հիմնական թեման: Արցախի մշակույթն ու բազմադարյա պատմությունն արտացոլող այս գորգերը Վարդանի անհատական հավաքածուի ընդամենը մի մասն են: Սա այն ամենն է, ինչ կարողացել է պատերազմի օրերին դուրս բերել Շուշիից:
Հավաքածուն 20 տարվա աշխատանքի արդյունքն է, Արցախի գյուղերից է գնել: Ասում է՝ մշակույթը պետք էր պահպանել: 2011-ից այս գորգերը ներկայացված էին Շուշիի գորգերի թանգարանում: Դուրս են բերվել այն ժամանակ, երբ կռիվը Շուշիի մատույցներ էր հասել:
Գորգերը տարհանել էին կեսգիշերին, որ անօդաչուների թիրախում չհայտնվեն: Բայց ճանապարհին կրակահերթի տակ են ընկել: Թանգարանի 300 ցուցանմուշից կարողացել են տեղափոխել միայն 160-ը: Ֆոնդերում պահված գորգերը, բրոնզե, քարի դարի խեցեղենն ու կենցաղային իրերն այնտեղ են մնացել:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պատրաստվում են Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են վիշապագորգեր, եզակի ծաղկագորգեր, ասեղնագործ կարպետներ. ցուցահանդեսն աննախադեպ է նրանով, որ հայտնի է բոլորի ծագումնաբանությունը: Հայտնի է, թե որ գորգը որ գյուղից և որ ընտանիքի միջոցով է փոխանցվել:
Մյուս գորգը 350 տարվա պատմություն ունի: Քրիստոնեական խորհրդանշաններով հարուստ այս աշխատանքը գործել են հայ կանայք՝ մենաստաններում: Առաջիկա 6 ամսում այստեղ կներկայացվի փրկված գորգերի 71 նմուշ: Կազմակերպիչները վստահ են՝ ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն կտա բացահայտել Արցախ աշխարհի գորգագործության հարուստ մշակույթը: