Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը: Հավաքածուն Վարդան Ասծատրյանինն է, որը 20 տարվա ընթացքում գորգերը գնել է Արցախի տարբեր գյուղերից ու Եվրոպայում բնակվող արցախցիներից:
Ցուցահանդեսում ներկայացված է վիշապագորգերի, եզակի ծաղկագորգերի, ասեղնագործ կարպետների 71 նմուշ: Ցուցահանդեսն աննախադեպ է նրանով, որ հայտնի է, թե որ գորգը որ գյուղից և որ ընտանիքի միջոցով է փոխանցվել: 2011-ից այս գորգերը ներկայացված էին Շուշիի գորգերի թանգարանում: Բերդաքաղաքից դուրս են բերվել պատերազմի օրերին: Թանգարանի 300 ցուցանմուշից կարողացել են տեղափոխել միայն 160-ը: Ֆոնդերում պահված գորգերը, բրոնզի, քարի դարի խեցեղենն ու կենցաղային իրերն այնտեղ են մնացել: