Արցախյան շարժումով վերածնվեց ոչ միայն Արցախը, այլև ամբողջ հայ ժողովուրդը: Արցախի վերածննդի օրվա շնորհավորանքում Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերածնունդը հայ ժողովրդին տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում:
33 տարի առաջ՝ 1988թ-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց դիմել Երևանին և Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Որոշումից հետո, նույն օրը Երևանում արցախահայությանն աջակցող ցույց սկսվեց։ 33 տարի առաջ այս օրը սկիզբ առած արդար պայքարն ստացավ «Վերածննդի շարժում» անվանումը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել ևս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումն անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և է՛լ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:
Փետրվարի 20-ը հայ ժողովրդի ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքն է խորհրդանշում: Արցախի նախագահն իր ուղերձում նշել է, որ 88-ի փետրվարը սկիզբ դրեց վերակերտման, արարման, կորստի և հաղթանակների: Արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը: Հանուն նահատակների, երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կշարունակի իր հավերժական ընթացքը՝ գրել է Արայիկ Հարությունյանը; Օրվա առիթով Ստեփանակերտում քայլերթ է տեղի ունեցել: Արցախի նախագահը, խորհրդարանի և կառավարության անդամները Վերածննդի հրապարակից քայլել են դեպի հուշահամալիր՝ հարգել Արցախյան շարժման ակունքներում կանգնած, գոյամարտում զոհված հայորդիների հիշատակը:
Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը: Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին:
Արցախահայության ինքնորոշման իրավունքի որոշումը պարտադրված էր՝ հայտարարել է արտգործնախարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա առիթով: Հայտարարության մեջ ասվում է, որ հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող էթնիկ խտրականության, Արցախի ժողովրդագրական պատկերի նպատակաուղղված փոփոխման քաղաքականության մասին Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը միշտ է հայտարարել:
ԱԳՆ - Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի իշխանությունը հրահրեց և կիրառեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի լիարժեք հայաթափմանը: Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ և այդ տարածքների հայկական ինքնության ոչնչացման փորձերով:
33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները, իրենց բոլոր ձեռբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի Վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու և արարելու ձգտումը։