Արարատի մարզի Դվին գյուղն «Արմաթ» լաբորատորիաների հերթական հասցեն է: Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի ավելի քան 400 սան այսուհետև կստանա անվճար ինժեներական կրթություն:
Ավագ Սայան, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնագիտական պատասխանատու - Այստեղ բավականին մեծ ներուժ կա, որը պետք է օգտագործենք, որպեսզի բոլոր գյուղերում «Արմաթ» լաբորատորիան լինի: Հենց իրենց դպրոցում երեխաները կկարողանան առանց դպրոցից դուրս գալու ստանալ որակյալ կրթություն:
Պատերազմից հետո, է՛լ ավելի կարևորելով ինժեներական կրթությունը, տարբեր մարզերի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել էին ֆեյսբուքյան դրամահավաք: Արդյունքում՝ 55 ժամում հավաքվեց 10.000 դոլար գումար, իսկ ՏՏ ընկերություններից մեկի օժանդակությամբ՝ այն կրկնապատկվեց:
Անի Ղազարյան, «Մարզերի երեխաները մարզերում» թիմի անդամ, դրամահավաքի նախաձեռնող - Բոլոր երեխաներն իրենց մասնակցությունն ունեցել են լաբորատորիայի կառուցման գործում: Անընդհատ հարցնում էին, թե երբ է բացվելու:
Դվինի «Արմաթ» լաբորատորիան 13-րդն է մարզում: Նախաձեռնողները համոզված են՝ գյուղերի զարգացման ծրագրերն են Հայաստանի ապագան:
Մարիանա Մարտիրոսյան, Դվինի Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի - Դվինում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունենալը ոչ միայն մեզ համար մեծ ձեռքբերում է, այլև նոր հնարավորություն սովորելու և ստանալու նորանոր տեխնոլոգիական գիտելիքներ, դրանով իսկ նպաստելու սոցիալական ձեռնարկատիրության և ռազմական արդյունաբերության զարգացմանը:
Շուտով Արտաշատ քաղաքում կգործի «Արմաթն օդում» ԱԹՍ-ների մասնագիտացված խմբակը։ Լաբորատորիաների շրջանավարտները հնարավորություն կստանան աշխատել ինժեներական կազմակերպություններում:
Խաչիկ Նազարյան, դրամահավաքին աջակցող ՏՏ ընկերության տնօրեն - Վաղն այս երեխաները պոտենցիալ մեր աշխատողներն են:
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում գործում է ավելի քան 560 «Արմաթ» լաբորատորիա: Դվինի նորաբաց լաբորատորիան պատերազմում հերոսաբար զոհված դվինցու՝ Արթուր Դանիելյանի անվան է: