Պատերազմի օրերին նա առաջիններից էր, որ գործերը մի կողմ թողեց, Բոստոնից Հայաստան եկավ ու միացավ սպիտակ բանակին: Մարիան վիրաբույժ է, Այրվածքաբանության ազգային կենտրոնում զինվորներին էր օգնում:
Մարիա Ազիզյան (ընդհանուր վիրաբույժ) - Այնքան շատ էր աշխատանքը, մի զինվոր 50 տոկոսից ավելի այրվածքներ ուներ, ոչ թե մի հոգի աշխատում էր զինվորի վրա, այլ՝ 3-4 բժիշկ:
Այն, ինչ պատերազմի օրերին է տեսել, երբեք ոչ մի տեղ չի հանդիպել:
Ֆոսֆորային զենքի վնասվածքներ բուժելու փորձ բժիշկները չունեին. շատ արագ սկսել են քիմիական զենքից առաջացած այրվածքները հետազոտել, նաև արտասահմանցի գործընկերների հետ են խորհրդակցել ու անմիջապես գործի անցել:
Վիրահատարանից վիրակապարան, հետո՝ հիվանդասենյակ: Օրվա ընթացքում միջինը 5-10 վիրահատություն է արել: Սփյուռքահայ բժիշկը զարմացած է գործընկերների գրաֆիկից, աշխատել են 24/7 ռեժիմով: Շատերն անձամբ են ռումբերի տակից դուրս բերել վիրավորներին, հիվանդանոց հասցրել վտանգավոր ճանապարհներով:
Մարիա Ազիզյան - Օր ու գիշեր աշխատում էին նոն ստոպ, նենց օրեր կային՝ տուն չէին գնում:
Վիրավոր զինվորներից շատերին տուն են ուղարկել: Բուժման բարդ շրջանն արդեն անցյալում է: Պակաս կարևոր չէ վերականգնողական փուլը:
Զինվորների ձեռքերի աշխատանքը վերականգնելու համար հիմա եվրոպացի մասնագետների հետ օնլայն թերապիայի կուրս են կազմակերպել: Մարիան պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս, այս անգամ՝ անհրաժեշտ բժշկական նյութերով ու սարքավորումներով: Սա Բոստոնի բժշկական կազմակերպությունների ու տեղի հայ համայնքի աջակցությունն է հիվանդանոցին:
Պատերազմից հետո էլ Մարիան առաքելության մասին չի մոռանում: Օրերս Արցախում էր ու վստահեցնում է, որ այցերը շատ են լինելու: Ասում է՝ զինվորներին լիարժեք ոտքի կանգնեցնելու համար դեռ շատ աշխատանք կա: