ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Արցախում ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր իրականացնելու նպատակով, գործընկերային հիմունքներով աշխատանքի էր հրավիրել կամավորականների: Պատրաստակամություն հայտնածներն արդեն եռօրյա դասընթացների են մասնակցում՝ դրա ավարտից անմիջապես հետո ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:
«Այսօրվա դասընթացին ներկա է գտնվել նաև Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը, ով, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում անդրադարձել է սոցիալական աշխատողների նշանակալի դերակատարությանը հետպատերազմական երկրում իրականացվող այս ծրագրի մեջ՝ միաժամանակ շեշտելով, որ դասընթացին ներկա մասնակիցներից յուրաքանչյուրն էլ թեև անձամբ կարիք ունի ապրած իրականության հետևանքները հաղթահարելու, բայց լծվել է հանրօգուտ աշխատանքի՝ հասցեական և նպատակային քայլերի միջոցով առարկայական դարձնելու արցախցիների սոցիալական բարեկեցությանն ուղղված անելիքները:
Դասընթացները վարում են ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և ԵՊՀ սոցաշխատանքի և սոցտեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը:
Դասընթացի ավարտից հետո, կամավորականները, ձեռք բերած գիտելիքները կիրառելով, արցախցիների կարիքների գնահատման ծրագրի շրջանակներում Արցախի բնակավայրերում կանցնեն սոցիալական աշխատողի՝ իրենց պարտականություններին»,- ասված է հաղորդագրությունում: