Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը, համաձայն որի, ավելի քան 10 առաջատար ավիաընկերություններ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համաձայնագիր են ստորագրում՝ պարտավորվելով առաջնահերթություն տալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի, անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների փոխադրմանը: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-Արմենիայից:
Երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը գործելու է նաև որպես գլոբալ նյութատեխնիկական պատրաստվածության մեխանիզմ` հնարավոր այլ մարդասիրական և առողջապահական ճգնաժամերի դեպքում:
«Կենսական նշանակության այս պատվաստանյութերի առաքումը բարդ նախաձեռնություն է՝ հաշվի առնելով տեղափոխման ծավալները, սառցային շղթայի պահանջները, առաքումների քանակն ու երթուղիների բազմազանությունը,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժնի ղեկավար Էտլևա Կադիլին: - Մենք երախտապարտ ենք այս ավիաընկերություններին ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությանը միանալու և ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի փոխադրմանն աջակցելու համար»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը միավորում է COVAX կառույցի՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հավասար և արդարացի բաշխմանն ուղղված համաշխարհային ջանքերին աջակցող՝ ավելի քան 100 երկիր սպասարկող ավիաընկերությունների: Հիմնվելով COVAX-ի ինդիկատիվ բաշխման և առաջին փուլով տրամադրվող չափաբաժինների ծրագրի վրա՝ 145 երկիր կստանա, միջին հաշվով, իր բնակչության մոտ 3 տոկոսին պատվաստելու չափաբաժին` սկսած 2021 թ. առաջին եռամսյակից՝ բոլոր պահանջների կատարման և բաշխման վերջնական ծրագրերի առկայության պայմանով:
Կենսական նշանակության պարագաների առաքմանն առաջնահերթություն տալուց զատ, ավիաընկերությունները միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու պահանջվող ջերմաստիճանն ու անվտանգությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով նաև բեռնափոխադրումների ծավալը: Նրանց ստանձնած պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն պատվաստանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների ժամանակին և անվտանգ առաքման հարցում:
Կենսական կարևորության պարագաների անվտանգ, ժամանակին և արդյունավետ փոխադրումն անգնահատելի նշանակություն ունի երեխաների և ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու գործում: COVAX-ի առաքումները և, հաջորդիվ, առաջնագծի աշխատողների պատվաստումներն առողջապահական և սոցիալական համակարգերին կօգնեն հնարավորինս անվտանգ վերսկսելու իրենց կարևոր ծառայությունները: