Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ են տվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի շեշտադրումներից պարզ է դառնում, որ նա և նրա քաղաքական թիմը նախկինում չեն վարել հանրային քաղաքականություն: «Այդ շեշտադրումները չեն արտացոլվել նրա և նրա թիմի խոսքում, օրինակ, 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ, կամ 2019-ին, կամ 2020-ին՝ պատերազմի ընթացքում, հակառակը՝ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,- նշեց նա՝ հավելելով՝ ինչո՞ւ է այս հարցազրույցը այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն արդեն չկա:
Անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջին՝ Մակունցը հիշեցրեց, որ իշխանությունը չի առարկել ընդդիմությանը և հայտարարել է, որ իշխանափոխությունը պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով. սակայն ընդդիմությունը, նրա խոսքով, իրենց այդ առաջարկին դրական չի արձագանքել:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ պատերազմի հանգամանքները քննող պարիտետային հանձնաժողով ստեղծելու առաջարկությանը, Մակունցն ասաց, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս նման հանձնաժողով ստեղծել, ուստի իրենք առաջարկել են ստեղծել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, վեր հանել և տալ մի շարք հարցերի պատասխաններ: