«Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը օրերս հայտարարեցին Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու մտադրության մասին։
Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը արդյոք Արցախի օկուպացված տարածքներում մեծ վտանգ չի՞ ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային անվտանգության համար: Արդյոք սրանով Անկարան և Բաքուն տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ չե՞ն ստեղծում, ինչպես նաև խափանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը։
Մոսկվան նման տվյալներ չունի, բայց երկու՝ նոյեմբերյան ու հունվարյան հայտարարությունների արդյունքում Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանքի՝ ամենշաբաթյա ճեպազրույցին հայտնեց Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Անհրաժեշտ է, որ Հայաստանը, Ադրբեջանը և բոլոր հարևան երկրները գործեն նույնիսկ միասնական դիրքերից և նպաստեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը: Միասնական դիրքորոշումների ներքո ենթադրվում է կայուն խաղաղության հաստատում, որը թույլ կտա մարդկանց վերադառնալ և սկսել բնականոն կյանքը տարբեր ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տնտեսական կապեր, տրանսպորտ, լոգիստիկա և այլն:
Թուրքիայում երկու հայկական եկեղեցիներ վաճառքի են հանվել։ Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, շիրիմների ավերման փաստերը, որոնք որևէ արձագանք չեն ստանում Թուրքիայի իրավասու մարմինների կողմից։ Ռուսական կողմը, նախ, փորձում է զերծ մնալ գնահատականներից, բայց նաև ընդունում՝ պատմամշակութային ճառանգությունը խնայել է պետք:
Մարիա Զախարովա - Ինձ համար առավել զարմանալի էր իմանալ, որ աշխարհում գոյություն ունի պաշտամունքային օբյեկտների վաճառքի պրակտիկա։ Ձեռնպահ կմնամ գնահատականներից, բայց լայնորեն տարածված է, երբ պաշտամունքային օբյեկտները վերածում են տների, առևտրի կենտրոնների, նույնիսկ՝ գիշերային ակումբների: Այս դեպքում խոսքը յուրաքանչյուր պետության ներքին ազգային օրենսդրության մասին է։ Հուշարձանների ավերման վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պետք է խնամքով վերաբերվել կրոնական, պատմական հուշարձաններին։
Զախարովան ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի արտգործնախարար Այվազյանի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռազմագերիների փոխանակման, մարդասիրական աջակցության, տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի քննարկմանը:
Շարունակվում է աշխատանքը նաև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։