Հանրային հեռուստաընկերության միջանցքներում հեռուստադիտողին դեռ անհայտ երիտասարդ ու նոր դեմքեր են՝ հուզված ու լի սպասումներով: «Առաջին ալիքի» Մեդիա ակադեմիայի հայտատուներն են:
Հասմիկ Բաղդասարյան, Մեդիա ակադեմիայի ուսանող - Հեռուստատեսությամբ եմ տեսել գովազդը, և առաջին վայրկյանից մտածել եմ, որ պետք է ընդունվեմ:
Արամ Խաչատուրյան, Մեդիա ակադեմիայի ուսանող - Ես օպերային երգիչ եմ ու դերասան, բայց շատ ուզեցի ինձ փորձել նաև հաղորդավարի կեցվածքով:
Օպերային երգիչ Արամն ու մյուս երիտասարդները դեռ չգիտեին, թե Մեդիա ակադեմիային դիմած 3100 հայտատուներից ինչու են հենց իրենց հրավիրել հեռուստաընկերություն:
Բոլոր հրավիրվածներն ընդունվել են Մեդիա ակադեմիա: Ընտրությունը կատարելիս հիմնականում առաջնորդվել են մասնակիցների ունակությունների ու գիտելիքների գնահատմամբ, նաև այն կադրային կարիքներով, որ ունի հեռուստաընկերությունը:
Լենա Մինասյան, Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիայի տնօրեն - Լավագույն դիմորդներից 725-ը հրավիրվեցին հարցազրույցի: Հանդիպումների ընթացքում արդեն մեզ պարզ դարձավ, թե ովքեր են սովորելու ակադեմիայում:
Հանրայինի արդեն ամուր հիմքի վրա ավելանում է 102 նոր մոտեցում, ճաշակ ու նոր երանգ: Սա մեծ և սպասված հնարավորություն է երիտասարդների համար՝ վստահ են հեռուստաընկերությունում:
Հովհաննես Մովսիսյան, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն - Կարծում եմ՝ բոլորի մոտ հարց է առաջանում, հատկապես հեռուստատեսություն սիրող մարդկանց մոտ, ինչպե՞ս ընդունվել հեռուստատեսություն, այդ հարցն ինձ էլ էր հուզում, որի պատասխանը չգտա ու ստեղծեցինք այս օղակը: Ճիշտն ասած՝ անակնկալ էր 3000-ից ավելի դիմումներ ստանալը, բայց սա շատ խոսուն էր, որ իրոք կարիքը կար Մեդիա ակադեմիա ստեղծելու:
Նման ակադեմիայի կարիք մեդիադաշտում հաստատ կար՝ նշում է ուսանողներից մեկը, որ վաղուց էր իրեն ուզում փորձել լրագրության ոլորտում:
Արմինե Թովմասյան, Մեդիա ակադեմիայի ուսանող - Տեսա Հանրային հեռուստաընկերության հայտարարությունն ու ընկերներս ասացին՝ դու պետք է դիմես, դիմիր, որովհետև փոքրուց սիրել ես այդ մասնագիտությունը:
Դիմեց ու արդեն լրագրության բաժնի 35 ուսանողից մեկն է, «Լուրերի» լրագրողների հետ աշխատելու և արտադրական պրոցեսին մասնակցելու հնարավորություն կստանա:
Կարեն Գիլոյան, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար - Հայկական սպորտի բոլոր տիտղոսային հաղթանակները լուսաբանվել են Հանրային հեռուստաընկերության եթերում, խնդրում եմ, անպայման հիշել այս ամենն ու լինել ճիշտ շարունակողն այս ամենի:
«Առաջին ալիքի» սպորտային լավագույն ավանդույթները կշարունակվեն, սպորտային լրագրության խմբում 33 ուսանողից տասը պրոֆեսիոնալ մարզիկներ են, շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը նրանցից մեկն է:
Լիլիթ Գալոյան, Մեդիա ակադեմիայի ուսանող - Ուզում եմ փորձեմ ինձ այս ոլորտում, շատ եմ ցանկանում պրոպագանդել սպորտը:
Ուսանողներն այստեղ հաղորդակից կլինեն հայկական հեռուստատեսության ավանդույթներին ու կբացահայտեն ժամանակակից հեռուստատեսության գաղտնիքները: Մինչև այդ, եթերի ապագա դեմքերին խորհուրդներ՝ Հանրայինի առաջին ու լեգենդար դեմքից՝ Նառա Շլեպչյանից:
Նառա Շլեպչյան, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ - Այս բնագավառը չափազանց ծանր է, չափազանց գայթակղիչ, որը և՛ տալիս է, և՛ վերցնում է: Պիտի լինեք աչալուրջ, հավասարակշռված, աշխատեք ձեզ վրա:
Այստեղ հատկապես կարևոր են համարում հեռուստատեսության մի մասնիկը դառնալու ցանկությունը: Մեդիա ակադեմիան Հանրայինի կրթական ծրագրերից է, որի շահառուն հեռուստատեսությամբ հետաքրքրված հանրությունն է, իսկ այն կշարունակվի՝ անգամ եթե Հանրայինը նոր դեմքերի կարիք չունենա:
Հովհաննես Մովսիսյան - Վերջնարդյունքում ինչ կստանանք, դժվար է ասել, բայց, հուսամ, մաքսիմում լավ կադրեր կունենանք, որոնք կդառնան մեր գործընկերը հեռուստատեսությունում:
Ուսումնական պրոցեսը կմեկնարկի մարտի մեկից, ակադեմիայի սաները տեսական և պրակտիկ գիտելիքներ կստանան հենց հեռուստաընկերության տարածքում:
Հովհաննես Մովսիսյան - Կլինեն լրագրողներ, սպորտային լրագրողներ թե հաղորդավարներ, շատ կարևոր է ունենալ սեփական ոճը, որովհետև, կարծում եմ, հաջողության գրավականը հենց սեփական անհատականությունն է, պետք չէ թաքցնել անհատականությունը կամ նմանվել դասախոսին:
Մեդիա ակադեմիայի ուսանողները 5 ամիս տևողությամբ դասընթացի ավարտին կստանան սերտիֆիկատ, իսկ լավագույններն աշխատանքի կանցնեն Մայր հեռուստաընկերությունում: