Ոչ միայն տուֆակերտ շենքեր, այլև` ճանապարհ: Նոյեմբերյանի ամենամեծ թաղամասերից դեպի կենտրոն տանող փողոցն արդեն 2 տարի է՝ տուֆից է կառուցված:
Խաչիկ Գիշյան (Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ) - Ճանապարհի վերջում էր գտնվում նաև գազի գրասենյակը, երթևեկությունը և տրանսպորտային շարժը բավականին շատ էր, ձմեռվա ընթացքում համարյա էս ճանապարհով հնարավոր չէր երթևեկել, և այդ պահանջը կար: Մեզ համար մի քիչ նորույթ էր, բայց երկար քննարկումից հետո կանգնեցինք էս տարբերակի վրա:
Բոլոր հաշվարկները տուֆի օգտին էին, ասֆալտը չէր դիմանում: Արմեն Ամիրաղյանը 6 տարեկանից այս թաղամասում է ապրում, փողոցի վերջնամասում, հիշում է, ամեն օրը փորձություն էր:
Արմեն Ամիրաղյան (Նոյեմբերյանի բնակիչ) - Մեքենաների համար դժվարանցանելի հատված էր, ասֆալտը չէր դիմանում, էս 2 տարում ճանապարհը իսկապես էս քննությունն անցավ, շատ հաճելի է: Միակ թերությունն էն է, որ մեքենաները շատ արագ են գնում:
530 մ այս ճանապարհը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, մոտ 25 մլն դրամ է ծախսվել, 40 տոկոսը համայնքն է ներդրել: Առաջին, բայց վերջին փորձը չէ: Մոտ 300 մ ճանապարհ էլ կառուցվել է Բերդավան գյուղում, նախատեսվում է Կոթիում և Բաղանիսում:
Խաչիկ Գիշյան - Էն թաղամասերը, որտեղ ասֆալտապատման հնարավորություն չկա, էս նույն տարբերակով տուֆ քարով ենք ճանապարհը կառուցելու:
Սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյանում շուտով կբացի քաղաքային շուկա, Կառավարության՝ համայնքին հատկացրած տարածքում, քաղաքի ամենաբանուկ վայրում:
Խաչիկ Գիշյան - Մեզ համար շատ արդիական է, որովհետև գյուղացիների առևտուրը ծավալվում էր հենց միջպետական ճանապարհի եզրին և խոչընդոտ էր երթևեկության համար, քանի որ քաղաքը նման շուկա չուներ: Աշխատանքների 60-70 տոկոսը կատարվել է, նվազագույն պայմանները կան:
Ըստ Խաչիկ Գիշյանի՝ այս շուկայում իրենց գյուղմթերքը և արտադրանքը վաճառելու հնարավորություն կունենան խոշորացված համայնքների արտադրողներն ու արհեստավորները` փակ և բաց տաղավարներում, կլոր տարին: