Ամփոփելով մաքսային ծառայության աշխատանքային տարին՝ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ անցած տարվա մարտահրավերները բացասաբար են ազդել պետբյուջեի մաքսային մուտքերի, ինչպես նաև արտահանման և ներկրման ցուցանիշների վրա:
2019-ի համեմատ նվազումն ակնհայտ է, սակայն այս տարվա մաքսային մուտքերը 2018-ի համեմատ գրեթե նույնն են: Բանախոսը հիշեցրեց, որ 2020-ի հունվարի 1-ից ԵՏՀ արտոնությունների ավարտը նույնպես նպաստել է մուտքերի կրճատմանը:
Անդրադառնալով ներմուծման և արտահանման ցուցանիշներին՝ Մնացական Շարաֆյանը նշեց, որ իր տրամադրած թվերը կարող են չհամապատասխանել Վիճվարչության տվյալների հետ, սակայն դա պայմանավորված է զուտ մեթոդաբանական որոշ մոտեցումներով:
Մի շարք ուղղություններում արտահանման և ներկրման ցուցանիշները համեմատելով 2019-ի տվյալների հետ՝ ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ նշեց, որ դրանք նվազել են, սակայն կան ուղղություններ, որտեղ վիճակը բարվոք է: Օրինակ՝ 2019-ի համեմատ ներմուծումը ԵԱՏՄ պետություններից աճել է 1,3 տոկոսով: 2018-ի համեմատ արձանագրվել է 20 տոկոսանոց աճ:
Ներմուծման և արտահանման ցուցանիշների վրա դրական ազդեցություն է ունեցել տնտեսվարողների քանակի 3 տոկոս աճը: Սա դեռևս նախնական տվյալներ են, ամսվա վերջին կհրապարակվի պաշտոնական ամփոփագիրը: