Շուռնուխում 13 տուն կկառուցվի ամբողջությամբ պետական միջոցներով: Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի 3-րդ նիստին մասնակցում են փոխնախարարներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ: Քննարկվում են հետպատերազմյան ժամանակահատվածում Սյունիքում առաջացած խնդիրները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը նշել է՝ տները կառուցելիս հաշվի են առնում փաստացի բնակվողների և գրանցվածների թիվը, ինչպես նաև անվտանգային հարցերը:
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - «Կառույցներն այնպես են տեղադրված, որ իրենց բացվածքներն ավելի պաշտպանված կողմում գտնվեն: Բացի դրանից՝ բոլոր շենքերն ունեն նկուղային հարկեր, որոնք երկու կողմից մուտք ունեն: Մակերեսները հաշվարկված են այնպես, որ ընտանիքի անդամներից բացի՝ անհրաժեշտության դեպքում հարևանները ևս կարողանան պատսպարվել»: